Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում սպանվածների ու վիրավորների թիվը հասել է մեկ միլիոնի, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ուկրաինական աղբյուրներին եւ արեւմտյան հետախուզության տվյալներին։
Ըստ ուկրաինական գնահատականների, որոնց վրա հիմնված է հրապարակումը, Ուկրաինայի զինված ուժերում զոհվածների թիվը շուրջ 80 հազար է, իսկ վիրավորներինը՝ 400 հազար։
Ռուսական բանակի զոհերի թվերը տարբեր են։ Ըստ որոշ հաշվարկների՝ զինվորականների շրջանում զոհերի թիվը հասնում է 200 հազարի, իսկ վիրավորներինը՝ 400 հազարի։
Պարբերականն ընդգծում է, որ մարդկային կորուստները դժվար է գնահատել, քանի որ կողմերից որեւէ մեկը պաշտոնական տվյալներ չի հրապարակում։
The Wall Street Journal-ը Ռուսաստանի համար կորուստների մեծ քանակն անվանել է լուրջ խնդիր, սակայն նշել է, որ ուկրաինական կողմի մոտավորապես նույն թվերը շատ ավելի մեծ վնաս են պատճառում Ուկրաինային բնակչության մի քանի անգամ փոքր լինելու պատճառով։
Բացի այդ, ինչպես գրում է WSJ-ը, մարդկային մեծ կորուստները երկարաժամկետ հետեւանքներ կունենան երկու երկրների համար, որոնք մինչ պատերազմը պայքարում էին բնակչության նվազման դեմ՝ կապված հիմնականում տնտեսական եւ սոցիալական ցնցումների հետ։