2008 թվականի ռուս-վրացական կամ Օգոստոսյան պատերազմի ժամանակ Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտին մեկնաբանել է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր եւ պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի վերջին հայտարարությունը, ըստ որի վրացական կողմը պետք է «ուժ գտնի» ու ներողություն խնդրի «օս քույրերին ու եղբայրներին կրակի բոցերի մեջ նետելու համար», որի մեղավորը «Ազգային շարժում» կուսակցությունն է։
Տելեգրամյան էջում մեկնաբանելով հայտարարությունը Կոկոյտին գրել է, որ դա «համարձակ հայտարարություն է», սակայն չի վստահում վրացի միլիարդատիրոջ անկեղծությանը։
«Իվանիշվիլիի հայտարարության էության մեջ նորություն չկա։ Ես 2008 թվականից հայտարարում եմ, որ [Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ] Սաակաշվիլին եւ նրա կամակատարները միջազգային հանցագործներ են։ Նրանք պետք է դատապարտվեն եւ պատժվեն։ [․․․] Ամեն բան անուղեղ Սաակաշվիլիի ու ԱՄՆ-ի վրա բարդելու փորձը շատ ցավալի ու անհեռատես քայլ է։ Պատասխանատվությունն ամբողջ Վրաստանի վրա է, որը զիջեց իր անկախությունը եւ դարձավ Միացյալ Նահանգների եւ հավաքական Արեւմուտքի խամաճիկը»,-գրել է Կոկոյտին։
Ինքնահռչակ հանրապետության նախկին ղեկավարը կարծում է, որ Վրաստանը պետք է ճանաչի Հարավային Օսիայի անկախությունը, ստորագրի բոլոր անհրաժեշտ պայմանագրերը, որոնք երաշխավորում են խաղաղությունը եւ ռազմական գործողությունների չվերսկսումը, ինչպես նաեւ վերադարձնի Տրուսովսկոյե, Գուդսկոյե եւ այլ կիրճերը։
«Հաշվի առնելով 1920 թվականից ի վեր Հարավային Օսիային հասցված տնտեսական վնասը՝ 10 միլիարդ դոլարը, որ ավելի վաղ հայտարարել էին Վրաստանի վարչապետները, բավարար չէ։ Բայց հարցը ամենեւին էլ դա չէ: Ո՞վ է մեզ վերադարձնելու տասնյակ հազարավոր սպանված եղբայրներին ու քույրերին։ Ո՞վ կմխիթարի կորստի ցավը ընտանիքի եւ ընկերների սրտերում: Մենք սա երբեք չենք մոռանա եւ չենք ների»,-հավելել է Հարավային Օսիայի նախկին ղեկավարը։
Բացի այս Կոկոյտին օսերին կոչ է արել չխաբվել Իվանիշվիլիի կողմից վարձատրվող քաղաքական ու հասարակական կազմակերպությունների առաջարկներին, քանի որ վրաց հատուկ ծառայությունները կարող են Հարավային Օսիայում ակտիվանալ առաջիկա օրերին։
Կոկոյտին գրառումը եզրափակում է նշելով, որ «Վրաստանի հետ խաղաղությունը պետք է լինի Ռուսաստանի պայմաններով», իսկ «Օսիան եւ Աբխազիան պետք է դառնան Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հիմնական ֆորպոստները՝ հուսալի հենարան Ռուսաստանի համար»: