Իսրայելի ղեկավարությունը Լիբանանի շիայական «Հըզբոլլահ» շարժման դեմ լայնածավալ ռազմական գործողություններ կարող է սկսել վեց շաբաթվա ընթացքում։ Սրա մասին հայտնում է Jerusalem Post թերթը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
«Արդյունքում ձմռան գործոնը սկսում է իր դերը խաղալ։ Աղբյուրները Post-ին հայտնել են, որ եթե առանց ռազմական գործողության անցնի ավելի քան չորսից վեց շաբաթ, ապա մինչեւ 2025 թվականի գարուն այն անհնար կլինի կամ զգալիորեն ավելի դժվար կլինի իրականացնելը»,- գրում է թերթը:
Jerusalem Post զրուցակիցները նշել են, որ ձմռանը Լիբանանի լեռնային շրջաններում եղանակային պայմանները շատ ավելի դաժան են՝ համեմատած այն ամենի հետ, որին Իսրայելի պաշտպանության բանակը հանդիպել է Գազայի անապատներում։
Լայնածավալ ռազմական գործողությունների հետաձգումը ավելի ուշ շրջանի կհանգեցնի նրան, որ Իսրայելի հյուսիսային սահմանային շրջաններից տարհանված 60 հազար բնակչությունը ստիպված կլինի եւս 6 ամիս անցկացնել իր բնակավայրերից դուրս, ինչը Իսրայելի ներսում գնալով դառնում է էլ ավելի անընդունելի միջոց։
Բացի այդ՝ Իսրայելի քաղաքական ղեկավարությունը «Հըզբոլլահի» դեմ ռազմական գործողության վերաբերյալ վստահություն է ստացել 2024 թվականի օգոստոսի 25-ին շարժման հրթիռային հենակետերին հասցված հաջող ավիահարվածներից հետո, որի հետեւանքով ոչնչացվել էր մի քանի հազար հրթիռ։ Սա հանգեցրեց Լիբանանի դեմ ցամաքային գործողության մեկնարկի հետեւանքով հնարավոր կորուստների գնահատման վերանայմանը. ի սկզբանե ենթադրվում էր, որ պատերազմի դեպքում «Հըզբոլլահը» տասնյակ հազարավոր հրթիռներ կարձակի Իսրայելի ուղղությամբ, ինչը կհանգեցնի մոտ 5-10 հազար իսրայելցիների մահվան։
«Սրանցից որեւէ մեկը չի նշանակում, որ «Հըզբոլլահի» հետ ավելի լայն պատերազմը կանխորոշված է: Սա նախկինի պես դեռ ռիսկային առաջարկ կլինի Իսրայելի, «Հըզբոլլահի» եւ նրանց հովանավորների՝ ԱՄՆ-ի ու Իրանի համար»,- գրում է թերթը։
Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, ԱՄՆ-ի ներգրավվածությունը տարածաշրջանային պատերազմին կարող է դիտվել որպես լայնամասշտաբ հակամարտությունը կանխելու Վաշինգտոնի գրեթե մեկ տարվա դիվանագիտական ջանքերի ձախողում, որը կարող է ազդել նախընտրական մրցավազքի վրա։ Իրանի համար էլ նման պատերազմը կարող է սպառնալ «Հըզբոլլահի» թուլացմամբ։
«Սա հոկտեմբերի 7-ից հետո ամենառիսկային ժամանակահատվածն է [Իսրայելի] հյուսիսում»,- ամփոփում են հոդվածի հեղինակները։