Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը Բաքվում ընթացող «Գլոբալ տրանսպորտային երթուղիների անվտանգության ժամանակակից մարտահրավերները» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը կապահովի նաեւ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Սրա մասին փոխանցում է թուրքական Anadolu գործակալությունը։
Ավելի քան 50 երկրների հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող համաժողովին Քալընը հայտարարել է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ վերջնական խաղաղության համաձայնագիրը էական նշանակություն ունի Կովկասում կայունության եւ զարգացման համար։ Նա համոզմունք է հայտնել, որ հաստատվելիք մշտական խաղաղությունը կապահովի նաեւ Ադրբեջան-Հայաստան-Նախիջեւան-Թուրքիա-Եվրոպա գծով անցնող կապը։
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել էր, որ Երեւանն ու Բաքուն փոխադարձաբար ընդունելի տարբերակ են գտել նաեւ Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ճանապարհի հարցում։
«Մենք հասկացանք, որ չենք կարող տեսանելի ապագայում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, եթե Սահմանադրության խնդրից բացի եւս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների բացումը։ Ուստի երկկողմ համաձայնությամբ որոշեցինք այս պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում»,-ասել էր Ամիրբեկովը հարցազրույցի ժամանակ: