Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ առաջիկայում կզրուցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների հետ հանրապետության նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ։
«Իհարկե, մենք շփում կունենանք։ Շփում կունենամ նաեւ անձամբ ես, որի մասին կտեղեկացնեմ ձեզ։ Մենք անպայման կքննարկենք բոլոր թեմաները։ Մենք բացարձակապես բաց ենք հանդիպումների, քննարկումների, շփումների համար»,- ասել է Կոբախիձեն մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտը սեպտեմբերի 16-ին հայտարարել էր Վրաստանի ներքին գործերի նախարարության եւ ռուսամետ «Alt-info» կազմակերպության ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ «Վրաստանում հիմնարար ազատությունները, ներառյալ խոսքի ազատությունը խարխլելու պատճառով»:
Ֆինանսական պատժամիջոցները սահմանվել են Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի («Խարեբա»), նրա տեղակալ Միլերի Լագազաուրիի, «Alt-info»-ի ղեկավարներ Զուրաբ Մախարաձեի եւ Կոնստանտին Մորգոշիի նկատմամբ։
ԱՄՆ Պետդեպարտամենտն էլ իր հերթին հայտնել էր, որ «լրացուցիչ քայլեր է ձեռնարկում Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների եւ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ վիզային սահմանափակումներ կիրառելու համար, որոնք պատասխանատու են կամ ներգրավված են Վրաստանում ժողովրդավարության խարխլման համար»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսին հայտարարել էր, որ Վաշինգտոնը որոշել է դադարեցնել Թբիլիսիին ավելի քան 95 մլն դոլարի չափով օգնության ծրագիրը՝ կապված Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հետ։ Ավելի վաղ էլ ԵՄ-ն էր հայտարարել 30 միլիոն եվրոյի սառեցման որոշման մասին, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը։