Ռուսաստանի Կուրսկի մարզում հարձակում սկսելու գաղափարը առաջինը ներկայացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Սրա մասին գրում է Politico պարբերականը՝ նշելով, որ նման առաջարկին դեմ են արտահայտվել ուկրաինական բանակի մի քանի գեներալներ, այդ թվում եւ բանակի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
Հոդվածը հիմնված է երկու ուկրաինացի բարձրաստիճան զինվորականների պատմությունների վրա, որոնք չեն ցանկացել նշել իրենց անունները։
Ըստ պարբերականի՝ Զելենսկին առաջին անգամ այդ գաղափարը հնչեցրել է տարեսկզբին, իսկ Ուկրաինայի զինված ուժերի այն ժամանակվա գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին առարկել է՝ նշելով, որ սահմանը հատելուց հետո գործողության ծրագրում «հստակ երկրորդ քայլ» չկա:
«Նա այդպես էլ հստակ պատասխան չստացավ Զելենսկիից։ Նա զգում էր, որ դա ավանտյուրա է լինելու»,- նշել է Politico-ի զրուցակիցներից մեկը։
Զալուժնին գլխավոր հրամանատարի պաշտոնը թողել է մարտի 8-ին եւ Զելենսկու հրամանագրով Լոնդոնում նշանակվել արտակարգ եւ լիազոր դեսպան։
Գործողության հակառակորդների թվում Politico-ի աղբյուրները նշում են նաեւ 80-րդ օդադեսանտային գրոհային բրիգադի հրամանատար Էմիլ Իշկուլովին։ Նա այդ պաշտոնից հեռացվել էր հուլիսին, ինչը հանգեցրել էր բրիգադի հրամանատարական կազմի բացահայտ դժգոհությանը։
Politico-ի զրուցակիցները պնդում են, որ Իշկուլովը մտավախություն էր հայտնել, որ իր բրիգադը «ի վերջո կարող է չափազանց խոցելի լինել Ռուսաստանի տարածքում, եւ որ զոհերի թիվը կարող է կտրուկ աճել»:
«Զալուժնիի հարցը մնում է առանցքային. թե՛ արեւմտյան եւ թե՛ ուկրաինացի քննադատները մտավախություն ունեն, որ Ուկրաինայի զինված ուժերը կարող են շրջափակման մեջ հայտնվել եւ բարոյալքող պարտություն կրել: Նրանց փաստարկն այն է, որ զգալի քանակությամբ ուժերի տեղակայումը [Կուրսկի մարզում] նշանակում է, որ դրանք չեն կարող օգտագործվել Դոնեցկի առաջնագիծը պահելու համար, որտեղ ռուսական զորքերը շարունակ առաջ են շարժվում, հարձակման անցնում դեպի Պոկրովսկ եւ ակտիվացնում իրենց գործողությունները»,- ասվում է պարբերականի հոդվածում։
Այն, որ Կուրսկի մարզում հարձակմանը դեմ է եղել Զալուժնին, օգոստոսի 14-ին գրել էր Գերագույն Ռադայի պատգամավոր Մարյանա Բեզուգլայան, որը հայտնի է Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությանն ուղղված պարբերական քննադատություններով։