Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է իր գլխավորած կառույցի նոր կազմը, որը կաշխատի առաջիկա հինգ տարիներին։
X-ի էջում ներկայացնելով պաշտոնյաներին՝ Լայենը նրանց անվանել է «գրագետ եւ մոտիվացված կանանց ու տղամարդկանց թիմ, որոնք պատրաստ են միասին աշխատելու»:
Գրառման մեջ նա նաեւ նշել է, որ իր «նոր թիմի յուրաքանչյուր անդամ սեփական փորձն ու հեռանկարը կբերի Եվրոպա»:
Ընդհանուր առմամբ, Եվրահանձնաժողովի նոր կազմն ունի 26 պորտֆել, այդ թվում՝ փոխնախագահների վեց պաշտոններ։
Ազդեցիկ պաշտոններ ստացել են Բալթյան երկրների եւ Լեհաստանի ներկայացուցիչները, գրում է Current Times-ը։
Լատվիայի ներկայացուցիչ Վալդիս Դոմբրովսկիսը կդառնա էկոնոմիկայի եւ արտադրողականության հարցերով եվրահանձնակատար։ Պետեր Սերաֆիմը, որը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի օգնականն է, կզբաղեցնի բյուջեի հարցերով եվրահանձնակատարի պաշտոնը։
Պաշտպանական արդյունաբերության եւ տիեզերքի հարցերով եվրահանձնակատարի վերջերս ստեղծված պաշտոնը կտրվի Լիտվայի նախկին վարչապետ Անդրիուս Կուբիլիուսին։ Սակայն փորձագետների շրջանում ենթադրություններ կան, որ նոր եվրահանձնակատարի դերը կարող է այնքան էլ նշանակալից չլինել, եթե ԵՄ-ն բավարար միջոցներ չհատկացնի պաշտպանության ծախսերի համար։
ԵՄ ընդլայնման եւ Ուկրաինայի վերականգնման հարցերով եվրահանձնակատարի պաշտոնում նշանակվել է սլովենացի Մարտա Կոսը, իսկ Ստարտափների եւ նորարարության եվրոպական հանձնակատարի պաշտոնում՝ բուլղարացի Եկատերինա Զահարիեւան։ Հունգարիայից Օլիվեր Վարհելիը կգլխավորի կենդանիների առողջության եւ բարեկեցության եվրոպական հանձնակատարի գրասենյակը:
Շուտով Եվրախորհրդարանը կսկսի Եվրահանձնաժողովի նոր կազմի հաստատման մասով լսումները, եւ ակնկալվում է, որ առնվազն երկու պաշտոն կարող է հանվել։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ նորարարության եւ առողջապահության հարցերով եվրահանձնակատարի պաշտոնները կարող են կրճատվել։
Եվրահանձնաժողովի նոր կազմը աշխատանքը կսկսի 2024 թվականի նոյեմբերի 1-ից։