Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախօրեին ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն եւ հանդիպել հանրապետության նախագահ Մասուդ Փեզոշքիանի հետ։
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Շոյգուն Փեզեշքիանին փոխանցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը։
Հաղորդվում է, որ ՌԴ ԱԽ քարտուղարը նաեւ բանակցություններ է վարել Իրանի ԱԽ քարտուղար Ալի Ահմադիանի հետ։
Ըստ իրանական IRIB գործակալության՝ Շոյգուն Իրանի նախագահի հետ հանդիպմանը ներկայացրել է «Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին զեկույցը»։
Նույն լրատվականի փոխանցմամբ՝ Ալի Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում էլ ՌԴ ԱԽ քարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի հետ միջանցքների եւ հաղորդակցության ուղիների առնչությամբ Իրանի քաղաքականությանն ուղղված աջակցությունը։
Իրանական մեկ այլ պետական լրատվականի՝ Irna գործակալության փոխանցմամբ էլ նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպմանը հայտարարել է, որ Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի երկու երկրների նկատմամբ «շարունակվող անարդարացի պատժամիջոցների ճնշման» համատեքստում։
«Թեհրանի եւ Մոսկվայի հարաբերությունները կշարունակեն զարգանալ մշտապես եւ շարունակաբար»,- հավելել է Իրանի նախագահը։
Շոյգուն Իրանի նախագահի հետ քննարկել է նաեւ Կազանում հոկտեմբերի 22-24-ը սպասվող BRICS-ի գագաթնաժողովին իր մասնակցության հարցը։ Ակնկալվում է, որ գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կկայանան Վլադիմիր Պուտինի եւ Մասուդ Փեզեշքիանի միջեւ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունից հետո, թե Հայաստանի Սյունիքի մարզով անցնող ճանապարհների բացմանը խոչընդոտում է միայն Երեւանը, Իրանից տարբեր մակարդակներով սկսեցին հայտարարություններ հնչել, որ տարածաշրջանում սահմանների ու աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությունը անընդունելի է Թեհրանի համար։
Ադրբեջանական կողմը, հղում կատարելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին, պնդում է, որ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ կապելու համար ճանապարհ տրամադրել Սյունիքով՝ առանց սահմանային ու մաքսային հսկողության։ Հայկական կողմն էլ հայտարարում է, որ համաձայն է ճանապարհ տրամադրել, սակայն առանց ինքնիշխանության զիջման եւ սահմանների անխախտելիության սկզբունքի ոտնահարման։