Հարավային Կովկասում վստահության մթնոլորտի ստեղծման համար պետք է ձեւավորվի Հայաստանի ռազմականացման քաղաքականության ստուգման որոշակի մեխանիզմ։ Նման հայտարարություն հնչեցրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Քելբաջար կատարած այցի ժամանակ։
Ըստ Հաջիեւի՝ ոչ միայն Ֆրանսիան, այլ նաեւ այլ երկրներ են մասնակցում Հայաստանի ռազմականացման գործընթացին։
«Ադրբեջանը շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության օրակարգին։ Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, որ Հայաստանը ագրեսոր պետություն է։ Տարածաշրջանում վստահության մթնոլորտի ստեղծման համար պետք է լինի Հայաստանի ռազմականացման քաղաքականության ստուգման որոշակի մեխանիզմ։ Հայաստանի ռազմականացման գործընթացին մասնակցող պետությունները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվության աստիճանը»,- Report-ի հաղորդմամբ նշել է Ադրբեջանի նախագահի խորհրդականը։
Անդրադառնալով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին՝ Հաջիեւը նշել է, որ Բաքվի համար անհասկանալի է, թե ինչու է պայմանագրի տեքստի մասով ադրբեջանական վերջին առաջարկներին Երեւանը արձագանքել միայն 70 օր հետո։
Ադրբեջանի նախագահի օգնականը նաեւ նշել է, որ կողմերը որոշակի պայմանավորվածություններ ունեն պայմանագրի հոդվածների մեծ մասի վերաբերյալ, սակայն առաջիկայում զգալի աշխատանք կա անելու։ Նա կրկնել է, որ փաստաթղթի ստորագրման համար Հայաստանը նախ պետք է Սահմանադրությամբ ամրագրի Լեռնային Ղարաբաղից հրաժարվելու մասին։
«Մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը մեզ անհանգստացնող խնդիր է։ Խաղաղության պայմանագրերը սովորաբար կնքվում են ոչ միայն կառավարությունների, այլ նաեւ ժողովուրդների հետ։ Մեր ակնկալիքն այն է, որ այն փոփոխությունները, որոնք պետք է արվեն Հայաստանի Սահմանադրության մեջ խաղաղության համաձայնագրին հասնելու համար, իրականացվեն հանրաքվեի միջոցով,- հայտարարել է Հաջիզադեն եւ հավելել:- Հայ ժողովուրդը պետք է դադարեցնի Ղարաբաղը Հայաստանին միացնելու իր ուտոպիստական պնդումները եւ սահմանադրորեն ամրապնդի Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու իր ցանկությունը»։
Հաջիզադեն նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, սակայն Երեւանից այս հարցով արձագանքի բացակայությունը Բաքվի համար միայն վստահության բացակայության է հանգեցնում։