Մոսկվան համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար անվտանգային սպառնալիքներ է ստեղծում։ Սրա մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Խոսքը այնպիսի հարցերի մասին է, որոնք առնչվում են Հայաստանի ինքնիշխան իրավունքներին։ Հայաստանն ինքն է ընտրում զարգացման ռազմավարական ու մարտավարական ուղիները, բայց միեւնույն ժամանակ, իհարկե, պետք է կտրականապես չհամաձայնել պարոն Փաշինյանի հետ,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը եւ հավելել:- ՀԱՊԿ-ը չի կարող եւ չի սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը, ընդհակառակը, այս կազմակերպությունը պաշտպանում է իր անդամ երկրների ինքնիշխանությունը»։
Պեսկովը նաեւ նշել է, որ Մոսկվան իր այս դիրքորոշումը համբերատար կհասցնի Հայաստանի ղեկավարության ուշադրությանը։
«Մենք շարունակում ենք եւ կշարունակենք շփումները Հայաստանի հետ, իհարկե, այն մեր մտերիմ գործընկերն է»,- ասել է Պեսկովը։
Այսօր ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երեւանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, քանի որ այդ կառույցը սպառնալիքներ է ստեղծում հանրապետության ինքնիշխանության համար։