2023 թվականի սեպտեմբերի 28-ին Արցախից բռնագաղթած Նախշուն Ավագյանը ընտանիքի՝ ամուսնու, չորս անչափահաս որդիների (3, 6, 13, 15 տարեկան), ամուսնու ծնողների ու տատիկի հետ ապրում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Նախշունը մասնագիտությամբ դիզայներ է, 2018 թվականից Արցախում փոքրիկ բիզնես էր հիմնել․ հերակալներ, աքսեսուարներ էր կարում, հագուստ, ձեռնոց ու գլխարկ էր գործում։
Ամուսինը, որ երկար տարիներ զինվորական էր Արցախում, ծառայությունն այժմ շարունակում է Հայաստանում։ 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի օրերին, երբ կանանց ու երեխաներին տարհանում էին, նա մնացել է Արցախում, իսկ Նախշունին ու երեք որդիներին ուղարկել Երեւան (այդ ժամանակ դեռ չորրորդ որդին չէր ծնվել)։
«Եկանք Երեւան՝ մեր ազգականների տուն։ Մի քանի օր անց գնացի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որ երեխաներին գրանցենք, ուսումը շարունակեն»,- պատմում է Նախշունը։
Կրթահամալիրում նրան առաջարկել են սենյակ տրամադրել։ Նախշունը շուրջ քառասուն օր զավակների հետ ապրել է այնտեղ։ Հետո հյուրանոց է տեղափոխվել։
Նախշունը կրթահամալիրում կավագործության, նկարչության, ասեղնագործության դասերի է հաճախել, նոր գիտելիք ստացել եւ Երեւանում գտնվելու օրերին սկսել է աշխատել․ կարել է, ասեղնագործել, էկոպայուսակների ու շապիկների վրա է նկարել։
Վաստակած գումարը հավաքել է ու նոր կարի մեքենա է գնել, որ ավելի շատ պատվերներ ընդունի։ Այդ ընթացքում նաեւ թիկունքում օգնել է զինվորներին․ որպես կամավոր՝ անձրեւանոցներ է կարել։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը պարագաներ է տրամադրել Նախշունին, որ կարողանար աշխատել ու մասնակցել ցուցահանդես-վաճառքների։ Վաստակած գումարով Նախշունը հոգում էր ընտանիքի կարիքները։
«Ամուսնուս հետ երբեմն կարճատեւ հեռախոսազրույցներ էի ունենում։ Լավատես էի։ 44-օրյա պատերազմի ամենածանր օրերն էին։ Ասացի՝ մենք վերադառնալու ենք, եւ ես չորրորդ որդուս եմ լույս աշխարհ բերելու Արցախում։
Այդպես էլ եղավ։ Ով կմտածեր, որ 2023 թվականի սեպտեմբերին պետք է բռնագաղթեինք»,- ասում է Նախշունը։ Ցավով է հիշում հատկապես շրջափափակման օրերը։ Երբ արդեն խանութները դատարկվել էին, երեխաները քաղցրավենիք էին ուզում, սկսել է բոված ալյուրից ու դոշաբից կոնֆետներ պատրաստել, իսկ երբ արդեն խանութներում հաց չկար, տանը լոշիկներ է թխել։
«Փոքր երեխաներիս տանը թողած՝ ժամերով հերթ էի կանգնում, որ հաց գնեի։ Երբեմն մինչեւ իմ հերթը հասնում էր, հացը վերջանում էր։ Ամիսներով երեխաները կաթնամթերք ու ձու չեն կերել, եւ թերսնումն իր դրոշմն է թողել նրանց առողջության վրա։ Երեխաներն ատամների խնդիրներ ունեն։ Մինչ օրս բուժում են ստանում»,- մանրամասնում է Նախշունը։
Նախշունը երբեմն պատվերներ է ստանում, բայց հումքը քիչ է։ Մեծածավալ պատվերներ չի կարող ընդունել։ Եթե աջակցեին, ավելի շատ ներկեր, թելեր, գործվածք ունենար, կկարողանար շատ աշխատել ու վաճառել, բայց հիմա վաստակած գումարը քիչ է, սահմանափակ քանակով հումք է գնում։
Վերջերս դրամաշնորհային ծրագրի է մասնակցել, կարի մեքենա են տրամադրել, խոստացել են նաեւ տպագրական մեքենա տալ։ Նախշունը հույս ունի, որ առաջիկայում ավելի շատ կկարողանա աշխատել, իսկ պատվերները կշատանան։ Նա իր ապագան, հույսը, փոքրիկ բիզնեսի ծաղկման տեսլականը Արցախի հետ է կապում։ Սիրով, ցավով է հիշում Արցախը։
Ամեն ինչի պատրաստ էին, միայն թե մնային հայրենիքում, բայց ստիպված էին բռնագաղթել։ Տպավորվել է Արցախից հեռանալու օրը, երբ սարսափահար անցնում էին Հակարիի կամրջով։ Երեխաները փոքր էին, առանց այն էլ շատ սթրեսների էին ենթարկվել, ահարկու տեսարանների ականատես եղել, ռումբերի ձայներ լսել: Ավտոշարասյունը դանդաղ էր ընթանում, րոպեները ժամեր էին թվում։
«Որդիներս այնքան դժվարություն էին տեսել, որ կոփվել էին, իրենց մեծի պես էին պահում։ Երբ հասանք այնտեղ, որտեղ ադրբեջանցիներն էին կանգնած, նկատեցի՝ մեքենաներում գտնվող երեխաներին քաղցրավենիք ու ջուր էին տալիս։ Մինչեւ կմոտենայինք նրանց, որդիներիս ասացի՝ իջեցրե՛ք գլուխներդ, չնայե՛ք ձեր շուրջը։ Առանց որեւէ հարց տալու այդպես էլ արեցին։ Չէի ուզում՝ այդ տեսարանը զավակներիս հիշողության մեջ մնար»,- հիշում է Նախշունը։
Երեխաները մայրիկին ամեն օր հարցնում են Արցախի, իրենց տան մասին։ «Վեցամյա որդուս հետ խոսում էի օրերս։ Ասաց․ «Մա՛մ, Հայաստանի խանութներում ամեն ինչ կա, հաց էլ շատ կա, բայց մեր տունը չկա․․․ Թո՛ղ հաց ու կոնֆետ չլիներ, բայց թո՛ղ Ստեփանակերտում լինեինք։ Հուզվեցի, զարմացա, թե ինչպես է վեցամյա երեխան այդքան բան հասկանում»,- ասում է Նախշունը։
Ե՛վ երեխաները, ե՛ւ ծնողները հավատում են, որ վերադառալու են Արցախ, Նախշունը համոզված է, այդ օրը պիտի գա․ Արցախն ինչպե՞ս կարող է գոյություն ունենալ առանց արցախցու։
«Ես վստահ եմ՝ վերադառնալու ենք, եւ ես իմ հինգերորդ զավակին եմ լույս աշխարհ բերելու Արցախում։ Շատ կուզենամ աղջիկ ունենալ։ Չորրորդ որդուս ծնվելուց առաջ էլ այդպիսի խոստում էի տվել։ Հինգերորդ զավակս էլ կծնվի Արցախում։ Իմ երեխաները պիտի պիտի մեծանան իրենց հողում»,- եզրափակում է Նախշունը։
Նախշունին աջակցելու կամ նրա աշխատանքները գնելու համար կարելի է գրել նրա ֆեյսբուքյան էջին։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։