Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում եւ երկրի հարավային շրջաններում նախօրեին կրկին պայթել են կապի շարժական սարքավորումները, որի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Սա հաջորդում է հոկտեմբերի 17-ին շիայական «Հըզբոլլահ» շարժման ներկայացուցիչների փեյջերների պայթյուններին, որի հետեւանքով զոհվել էր 12, եւ վիրավորվել ավելի քան 2800 մարդ։
Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս անգամ պայթել են «Հըզբոլլահի» անդամների հեռահաղորդակցության միջոցները, որոնք գնվել էին շուրջ մեկ ամիս առաջ փեյջերների հետ միասին։ Պայթել են նաև հեռախոսները, մատնահետքի ընթերցող սարքերը եւ լիթիում-իոնային մարտկոցով աշխատող այլ սարքավորումներ:
Sky News Arabia-ն նշում է, որ պայթյունները հիմնականում տեղի են ունեցել «Հըզբոլլահից» Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Ալի Ամմարի որդու հուղարկավորության ժամանակ, որը մահացել էր հոկտեմբերի 17-ին։
Լիբանանի առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ նախօրեին տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 20-ի, իսկ վիրավորներինը թիվը անցել 450-ից։
Նախարարությունը նաեւ հայտարարել է, որ նախօրեին պայթած Icom V82 կապի սարքերը չեն գնվել գործարքի միջոցով, ոչ էլ լիցենզավորվել են կապի նախարարության կողմից՝ նշելով, որ լիցենզավորումը կատարվում է անվտանգության ծառայությունների հավանությունը ստանալուց հետո։
«Հըզբոլլահի» գործադիր կոմիտեի ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը կատարվածի համար մեղադրել է Իսրայելին եւ խոստումներ տվել «թշնամուն յուրովի պատժելու» եւ «եզակի ու արյունոտ վրեժ» լուծելու մասին։
Իսրայելի իշխանությունները կրկին ուղիղ մեկնաբանություններ չեն տվել պայթյունների մասին։ Սակայն երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է «պատերազմի նոր փուլի» մեկնարկի և «ռազմական ջանքերի ծանրության կենտրոնը» հարավից հյուսիսային ուղղությամբ, այսինքն՝ Լիբանանի հետ սահման տեղափոխելու մասին։