Հարավային Կովկասում կայունության ապահովման հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հստակ է. խաղաղության եւ հարաբերությունների շուտափույթ հաստատում՝ հիմնված ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգման, տարածաշրջանում կայուն զարգացման, արդյունավետ փոխկապակցվածության, բարեկեցության ապահովման տեսլականի վրա։ Այս մասին ասվում է Հայաստանի արտգործնախարարության այսօր տարածած հայտարարության մեջ, որը նվիրված է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիայի եւ Արցախի բնակչության հարկադիր տեղահանության տարելիցին։
«Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը՝ ավելի քան 115 000 հայ, մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը։ Այս տեղահանությունը, որը էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, տեղի ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, երբ ողջ միջազգային հանրությունը հերթական անգամ քննարկում էր հակամարտությունների խաղաղ կարգավորման, կայունության հաստատման ու զարգացման հրամայականը՝ դատապարտելով ուժի կիրառման, միջազգային նորմերի, մարդու իրավունքների խախտումների դրսեւորումներն աշխարհի տարբեր անկյուններում»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության տեքստում։
Դրանում նշվում է, որ անցնող տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը, այդ թվում նաեւ՝ միջազգային գործընկերների աջակցությամբ, ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայերի առաջնային եւ միջնաժամկետ կարիքները հասցեագրելու, ինչպես նաեւ երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ ծրագրեր մշակելու համար։
ՀՀ ԱԳՆ-ն հիշեցնելով, որ Նյու Յորքում կրկին մեկնարկելու են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան քննարկումները նշում է, որ վերջին մեկ տարվա իրադարձություններ ցույց են տվել, որ գնալով ավելի կարեւոր են դառնում միջազգային կայունության ապահովման ուղղությամբ անհետաձգելի ջանքերի, խաղաղության հաստատման հնարավորություն տվող գաղափարների ու քայլերի կյանքի կոչումը։
Հայտարարության եզրափակիչ հատվածում նշվում է, որ տարածաշրջանում խաղաղությունը կյանքի կոչելու եւ «այս պահին առկա հնարավորությունը բաց չթողնելու եւ սերունդների համար առավել կայուն ու արժանապատիվ կյանքի համար նպաստավոր միջավայր ձեւավորելու նպատակով այս հարցում շահագրգիռ մյուս դերակատարներից ակնկալում ենք անհրաժեշտ քաղաքական կամքի եւ խաղաղության օրակարգին հանձնառության հստակ դրսեւորում»։