Իսրայելը ԱՄՆ-ին նոր առաջարկ է ներկայացրել Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման գործարքի վերաբերյալ։ Նոր տարբերակում առաջարկվում է բոլոր պատանդառվածների միառժամանկյա ազատ արձակման դիմաց ապահովել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի եւ նրա շրջապատի անվտանգ հեռանալը Գազայից: Այս մասին հայտնում է իսրայելական Kan ռադիոկայանը։
Հաղորդվող տեղեկությունների համաձայն՝ իսրայելական նոր ծրագիրը նաեւ ներառում է պաղեստինցի բանտարկյալների ազատում իսրայելական բանտերից, Գազայի հատվածի ապառազմականացում եւ նոր կառավարման մեխանիզմի ստեղծում, ինչպես նաեւ ռազմական գործողության ավարտ։
Kan ռադիոկայանի աղբյուրների փոխանցմամբ՝ առեւանգվածների եւ անհայտ կորածների հարցերով համակարգող Գալ Հիրշը վերջերս պատանդների հարազատների հետ հանդիպմանը հայտնել է, որ այս առաջարկը փոխանցել է Միացյալ Նահանգներին նախորդ շաբաթ Վաշինգտոնում ամերիկացի ներկայացուցիչների հետ իր հանդիպումների ժամանակ։
Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան, որը չի ցանկացել իր անունը նշել, ռադիոկայանին պատմել է, որ «բանակցությունների դժվարությունների լույսի ներքո» Իսրայելն առաջ է քաշում «պլան Բ», որը թույլ կտա «հնարավորինս շուտ» համաձայնագիր կնքել, ինչպես նաեւ առաջարկում է գործարքի «փուլերի կրճատում»՝ պատանդներին արագ ազատելու համար։
«Դա տեղի կունենա, եթե Սինվարը դուրս գա [Գազայի հատվածից] եւ ավարտի պատերազմը»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Kan-ը՝ նշելով, որ ծրագիրը «Իսրայելին թույլ կտա հասնել պատերազմի նպատակներին», իսկ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը հնարավորություն կտա Գազայի հատվածից «փախչել անվտանգ վայր»։