Ռումինիայի, Լեհաստանի եւ Լիտվայի պաշտպանության նախարարները ՆԱՏՕ-ի ղեկավարությանը կոչ են արել ուժեղացնել դաշինքի հակաօդային պաշտպանությունը արեւելյան սահմաններում՝ կապված Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի հետ։
Delfi պարբերականը հայտնում է, որ երեք երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների ստորագրած նամակում, որն ուղղված է ՆԱՏՕ-ի անդամներին, նշվում է, որ վերջերս արեւելյան Եվրոպայի երկրներում ռուսական անօդաչու թռչող սարքերի հետ կապված մի քանի միջադեպեր են տեղի ունեցել։
Նամակում մասնավորապես ընդգծվում է, որ ռուսական ԱԹՍ-ները թռչել են ոչ միայն Ուկրաինայի հարեւան Ռումինիայի ու Լեհաստանի, այլ նաեւ Լատվիայի տարածքով։
«Նախարարները կարծում են, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ուժեղացնեն ցածր եւ դանդաղ շարժվող օբյեկտները հայտնաբերելու, նույնականացնելու եւ չեզոքացնելու իրենց կարողությունը, իսկ հակաօդային պաշտպանության ռոտացիան պետք է ներդրվի անհապաղ»,- գրում է Delfi-ն։
Չորեքշաբթի Բուխարեստում կայացել էր Բուլղարիայի, Հունգարիայի, Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի եւ Չեխիայի պաշտպանության նախարարների հանդիպումը։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Ռումինիայի պաշտպանության նախարար Անխել Տուլվերը ՆԱՏՕ-ին կոչ է արել «ուժեղ արձագանքելու» այն միջադեպերին, երբ ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հատում են դաշինքի անդամների օդային տարածքը։
Միեւնույն ժամանակ, Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալեւսկին ասել է, որ հոկտեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության ղեկավարների հանդիպման ժամանակ անհրաժեշտ է քննարկել բլոկի երկրների սահմանները հատող անօդաչու սարքերի ոչնչացման հնարավորությունը։
Սեպտեմբերի 9-ին Լատվիայի զինված ուժերի ղեկավարությունը հայտնել էր, որ պայթուցիկներով լցված ռուսական անօդաչու թռչող սարք է կործանվել Ռեզեկնե քաղաքի մոտ։ Լատվիացի զինվորականները կարծում են, որ անօդաչու թռչող սարքը Լատվիայի օդային տարածք է մտել պատահաբար։