Հնդկաստանը անտեսել է ուկրաինական բանակի համար հրետանու արկեր մատակարարելու դադարեցման մասին Ռուսաստանի խնդրանքը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ Մոսկվան առնվազն երկու անգամ դա քննարկել է Նյու Դելիի հետ։
Հրետանային արկերը Կիեւին մատակարարվում են ոչ թե ուղղակիորեն, այլ եվրոպական երկրների, մասնավորապես՝ Չեխիայի եւ Իտալիայի միջոցով։ Մեծ է հավանականությունը, որ Իսպանիայի եւ Սլովենայի միջոցով էլ Ուկրաինա է ուղարկվում զինամթերքի արտադրության համար անհրաժեշտ հնդկական բաղադրիչներ։
Reuters-ը նաեւ գրում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ զրույցում նշել է, որ Ուկրաինայի համար արկերի արտադրությամբ զբաղվում են նաեւ հնդկական պետական ձեռնարկությունները։
Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի ընթացքում մի քանի անգամ առերեսվել են հրետանային զինամթերքի սուր պակասի հետ։ Մոսկվան փորձում է կորուստները փոխհատուցել սեփական արտադրության ավելացման, Հյուսիսային Կորեայից ու Իրանից ներկրումների, իսկ Կիեւն իր արեւմտյան դաշնակիցների մատակարարումների կրկնապատկման հաշվին։
Հուլիսին Մոսկվա էր այցելել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Դա նրա առաջին այցն էր Ռուսաստան՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր, եւ նրա առաջին արտասահմանյան այցը վերընտրվելուց հետո:
Հնդկաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «պատերազմը խնդիրների լուծում չէ»։