Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու շուրջ 400 մլն եվրոյի չափով, գրում է Reuters-ը։
«Անընդհատ վատթարացող ռազմական իրավիճակի պատճառով լուրջ վտանգ կա, որ Ուկրաինան առանց նյութական աջակցության էական աճի կարող է պարտություն կրել իր պաշտպանական գործողություններում»,- ասվում է խորհրդարանի բյուջետային հանձնաժողովին ուղղված նամակում, որը պատրաստել է Գերմանիայի ֆինանսների նախարարությունը պաշտպանության նախարարության խնդրանքով։
Ֆինանսների նախարարությունը խորհրդարանին խնդրում է հաստատել 397 միլիոն եվրոյի օգնությունը Ուկրաինայի համար՝ մատնանշելով, որ այս օգնության «չպլանավորված կարիքն» առաջացել է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում։
Պետք է անհապաղ օգնություն ցուցաբերվի, որպեսզի դա ազդեցություն ունենա ռազմական իրավիճակի վրա մինչեւ 2024 թվականի վերջը, ընդգծել են Գերմանիայի ֆինանսների նախարարությունից։
Գերմանիան Ուկրաինայի գլխավոր դաշնակիցներից է։ 2024 թվականին այս երկիրը նախատեսում էր 8 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինային օգնելու համար։