Իսրայելի պաշտպանության բանակը ներկայում հարվածներ է հասցնում Լիբանանի շիայական «Հըզբոլլահի» թիրախներին՝ նպատակ ունենալով ոչնչացնելու շարժման հնարավորություններն ու ենթակառուցվածքները: Սրա մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։
«Հըզբոլլահը» հարավային Լիբանանը վերածել է պատերազմական գոտու։ Տասնամյակներ շարունակ «Հըզբոլլահը» ռազմականացրել է հարավային Լիբանանի խաղաղ բնակիչների տները՝ փորելով թունելներ դրանց տակ եւ օգտագործելով խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան: Իսրայելի պաշտպանության ուժերը գործում են հյուսիսային Իսրայելի անվտանգությունն ապահովելու, հյուսիսի բնակիչներին իրենց տներ վերադարձնելու եւ բոլոր ռազմական նպատակներին հասնելու համար»,- ասվում է հայտարարության տեքստում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին եւ 18-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում եւ երկրի այլ քաղաքներում պայթել էին «Հըզբոլլահի» ներկայացուցիչների փեյջերներն ու կապի այլ միջոցները, ինչպես նաեւ լիթիում-իոնային մարտկոցով աշխատող այլ սարքավորումները՝ հանգեցնելով զոհերի ու վիրավորների։
«Հըզբոլլահը» տեղի ունեցածի համար մեղադրել է Իսրայելին։
Իսրայելի իշխանությունները դեռեւս ուղիղ մեկնաբանություններ չեն տվել պայթյունների վերաբերյալ։ Սակայն երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր «պատերազմի նոր փուլի» մեկնարկի եւ «ռազմական ջանքերի ծանրության կենտրոնը» հարավից հյուսիսային ուղղությամբ, այսինքն՝ Լիբանանի հետ սահման տեղափոխելու մասին։