Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից հանրապետության ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հակասում են ողջախոհությանը։ Սրա մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Կանանց Եվրասիական IV-րդ ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Կարծում եմ՝ դրանք [հայտարարությունները] հակասում են ողջախոհությանը եւ իրականությանը։ Որովհետեւ եթե ձեզ ինչ-որ բան «սպառնում է», հատկապես ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի ասելու, որ նրանք [Հայաստանը] դեռ մնում են այնտեղ [ՀԱՊԿ-ում]։ Եթե մնում են, նշանակում է՝ դրա մեջ ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում։ Միաժամանակ ասում էին, որ ՀԱՊԿ-ը «դուրս եկավ Հայաստանից»։ Այս ամենը հակասում է ողջամտությանը եւ տրամաբանությանը»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ ելույթում հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության ու պետականության համար սպառնալիքներ է ստեղծում, եւ հենց այդ պատճառով է Երեւանը սառեցրել իր անդամակցությունը կառույցին։