Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ղրիմի տարածքային կարգավիճակը եւ Ուկրաինայի ամբողջականությունը չեն կարող լինել քննարկման կամ փոխզիջման առարկա։ Նման հայտարարությունը հետեւում է սեպտեմբերի 19-ին Ղրիմը ՄԱԿ-ի մանդատի ներքո հանձնելու մասին Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկու հայտարարություններին։
«Ղրիմը Ուկրաինա է։ Վերջակետ… Ղրիմը եվրոպական անվտանգության ճարտարապետության ծանրության կենտրոնն է։ Դրա ամբողջական վերականգնումը հնարավոր է միայն Ուկրաինայի ամբողջ տարածքի, ներառյալ ուկրաինական թերակղզու ամբողջական ապաօկուպացիայից հետո»,- ասվում է սեպտեմբերի 19-ին Ուկրաինայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության տեքստում։
Ուկրաինացի դիվանագետները հավելել են, որ ակնկալում են ուժեղ աջակցություն արեւմտյան գործընկերներից, որպեսզի «Ռուսաստանին ստիպի հարգել միջազգային իրավունքը եւ ՄԱԿ-ի կանոնադրությունը, դուրս բերի իր զորքերն ու զենքերը Ուկրաինայի ամբողջ ինքնիշխան տարածքից եւ վերականգնի իր տարածքային ամբողջականությունը։ Բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն այդ նպատակներին ավելի արագ հասնելուն, այլ ոչ թե այս կամ այն կերպ Կրեմլի ախորժակը բավարարելուն՝ ի հաշիվ Ուկրաինայի եւ միջազգային իրավունքի շահերի»:
Ելույթ ունենալով սեպտեմբերի 18-ին Կիեւում կայացած համաժողովում՝ Սիկորսկին հայտարարել էր, որ թերակղզին առանցքային նշանակություն ունի ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիեւի համար, ուստի կողմերը «չեն կարողանա պայմանավորվել առանց Ղրիմի ապառազմականացման», եթե սկսեն քննարկել խաղաղության պայմանները։
«Մենք կարող էինք այն դնել ՄԱԿ-ի մանդատի տակ՝ արդար հանրաքվե նախապատրաստելու առաքելությամբ, ստուգելուց հետո, թե ովքեր են նրա օրինական բնակիչները եւ այլն […]։Եվ մենք կարող էինք դա հետաձգել 20 տարով»,- ասել էր Սկորսկին։
Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովն էլ իր հերթին առաջարկել է նախաձեռնել Լեհաստանի փոխանցումը ՄԱԿ-ի մանդատի ներքո, «մինչեւ այնտեղ ձեւավորվի պատասխանատու, ազնիվ կառավարություն»։