Ռուսաստանի ռազմական հրամանատարությունը սպասում էր Կուրսկի մարզ ուկրաինական ներխուժմանը եւ մի քանի ամիս այն կանխելու ծրագրեր էր մշակում։ Սրա մասին են վկայում բրիտանական The Guardian-ի լրագրողների ստացած մի քանի փաստաթղթերը, որոնք փոխանցել են ուկրաինացի զինվորականները։ Այդ փաստաթղթերը, ինչպես հայտնել են զինվորականները, հարձակումից հետո մնացել էին ռուսական դիրքերում։
Ստացված փաստաթղթերից, մասնավորապես, հայտնի է դարձել, որ դեռեւս հունվարին ռուսական հրամանատարությունը խոսել է ուկրաինական բանակի ստորաբաժանումների կողմից «պետական սահմանը հատելու հավանականության» մասին։
Փետրվարին հրամանատարներին զգուշացվել է, որ հնարավոր է տեղի ունենա «արագ առաջխաղացում Սումիի շրջանից դեպի ռուսական տարածք մինչեւ 80 կմ խորությամբ»՝ միջանցք ստեղծելու համար, որտեղով այնուհետեւ կտեղափոխվեն Ուկրաինայի զինված ուժերի զրահամեքենաները։
Արդեն հունիսի կեսերին նախազգուշացումներն էլ ավելի հստակեցված ձեւ էին ստացել, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով ստացված փաստաթղթերը։ Մասնավորապես ռուս զինվորականներին զգուշացվել է, որ ուկրաինական զինված ուժերը կարող են հարձակումը զարգացնել Սուդժայի ուղղությամբ՝ այս շրջանային կենտրոնն իրենց վերահսկողության տակ վերցնելու համար։ Հաղորդվել է նաեւ, որ ուկրաինական կողմը կփորձի քանդել Սեյմ գետի վրայով անցնող կամուրջը՝ Կուրսկի մարզում ռուսական մատակարարման գծերը խաթարելու համար։
Հիշեցնենք, որ ուկրաինական բանակը Կուրսկի մարզում հարձակման է անցել օգոստոսի 6-ին։ Հարձակման մեկնարկից ի վեր, ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու, ուկրաինական զորքերը վերահսկողության տակ են վերցրել 1300 քառակուսի կիլոմետր ռուսական տարածք եւ 100 բնակավայր՝ գերի վերցնելով մոտ 600 ռուս զինվորականի։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ ավելի վաղ հայտարարել էր, որ Կուրսկի մարզում հարձակողական գործողության շնորհիվ Ուկրաինան կանխել է Խարկովի, Սումիի եւ Չեռնիգովի շրջանների որոշ հատվածների բռնազավթման սպառնալիքը։