Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիեւ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի 35 միլիարդ եվրոյի վարկ։ Ենթադրվում է, որ այդ միջոցները կուղարկվեն Ուկրաինայի իշխանություններին Եվրամիությունում սառեցված ռուսական ակտիվներից գոյացած տոկոսների հաշվին։
«Ռուսաստանի շարունակական հարձակումները նշանակում են, որ Ուկրաինան ԵՄ-ի շարունակական աջակցության կարիքն ունի: Եվրահանձնաժողովը Ուկրաինային կտրամադրի մինչեւ 35 մլրդ եվրո վարկ՝ որպես G7-ի պարտավորությունների մաս։ Սա ԵՄ-ի եւս մեկ մեծ ներդրում է Ուկրաինայի վերականգնման գործում»,- X-ի էջում գրել է Լայենը։
Եվրահանձնաժողովի ղեկավարն արդեն հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եւ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել․ «Այժմ մենք վստահ ենք, որ կարող ենք շատ արագ այս վարկն ուղարկել Ուկրաինա։ Վարկ, որն ապահովվում է ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթով»։
Զեկենսկին էլ իր հերթին նշել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինայի «հաղթանակի ծրագրի» իրագործումը կախված է այս տարի դաշնակիցների կայացրած արագ որոշումներից։ Նա նաեւ նշել է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում նախագահ Ջո Բայդենի հետ կքննարկի «հաղթանակի ծրագիրը», որի «բարի կամքը» առանցքային նշանակություն ունի:
«Ողջ ծրագիրը կախված է մեր գործընկերների արագ որոշումներից: Ծրագիրը հիմնված է այնպիսի որոշումների վրա, որոնք պետք է կայացվեն հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Ինչպես նաեւ հիմնված է այդ գործընթացները չհետաձգելու վրա»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նշենք, որ Զելենսկին հինգշաբթի երեկոյան իր ելույթում արեւմտյան երկրներին կոչ է արել հնարավորինս արագ կատարել իրենց վարկային խոստումը։
«Կա հստակ որոշում Ուկրաինայի համար 50 մլրդ տրամադրելու մասին՝ ռուսական ակտիվների հաշվին։ Իրականացման մեխանիզմ է պետք։ Որպեսզի մոտ ապագայում զգացվի, որ նման աջակցություն կա Ուկրաինային»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիսին G7-ի երկրները հաստատել են մեխանիզմ, որով Ուկրաինան պետք է 50 մլրդ դոլարի վարկ ստանա, որը պետք է մարվի ռուսական սառեցված ակտիվների ապագա տոկոսներից։ «Մեծ յոթնյակի» երկրների եւ Եվրամիության կողմից սառեցված ռուսական ակտիվների ծավալը 325 միլիարդ դոլար է։
Եվրահանձնաժողովը նշում է, որ այդ միջոցները կուղղվեն Ուկրաինայի պետական բյուջեի ֆինանսավորմանը, որի կարիքները զգալիորեն աճել են ռուսական ագրեսիայի պատճառով։