«Ես, ամուսինս, տղաս, հարսս, երեք անչափահաս երեխա․․․ անհայրենիք․․․»․ 63-ամյա Էմմա Բաբայանը Ասկերանի Խանձք գյուղից բռնի տեղահանված իր ընտանիքի մասին է պատմում։ Բազմանդամ ընտանիքի համար Լոռու Դսեղն է պարտադրված դարձել տուն ու հայրենիք։
Բոլորի նման նրանք էլ անցել են փախստականի կյանքի բոլոր դժվարությունների միջով։ Տեղահանությունից մեկ տարի անց էլ դեռեւս չլուծված շատ խնդիրներ ունեն՝ փաստաթղթերից մինչեւ կենցաղային, առողջության, որոնք թեև դանդաղ, բայց փորձում են հաղթահարել։ Անհաղթահարելին կարոտն է։
«Դե էստեղ էլ լավ է։ Հարմարվել ենք կենցաղի առումով, բայց հոգեպես՝ չէ։ Մեր գյուղից, անգամ շրջանից այստեղ մարդ չկա, Մարտունուց մի ընտանիք կար, գնացել են Արտաշատ։ Էստեղ մարդիկ ջերմ են, հարեւանները լավն են, խանութպանները լավն են, ուր գնում ենք, լավ են վերաբերվում, բայց կարոտում ենք։ Պապիկը չի հարմարվում, որսկան ա, անտառի մարդ, սաղ օրը գյուղն ա հիշում․․․»,- ասում է տիկին Էմման։
Էմմա Բաբայանը 40 տարվա մանկավարժ է, ինչպես ինքն է ասում՝ տարրական դասարանի մասնագետ։ Խանձքի՝ 28 աշակերտ ունեցող դպրոցի տնօրենն է եղել։ Գյուղը փոքր էր, աշակերտները՝ քիչ, բայց, ասում է, նորակառույց շենք ունեին՝ համակարգչային սենյակով, մարզական լավ գույքով, բոլոր հարմարություններով։ Հեռանալիս աշխատանքային գույքից որոշ բաներ տվել է աշխատակիցներին, իր հետ վերցրել կնիքն ու բանալիները։ Խուճապի պահին կարեւորն ու անկարեւորը խառնվել են։
«Շատ փաստաթղթեր ենք թողել՝ դիպլոմս, զագսի թուղթը, երեխաների ծննդականները, տան վկայականը։ Իմ ու երեխաներիս ծննդականներն են պետք թոշակի համար։ Հիմա վաստակի համար եմ թոշակ ստանում, բայց տարիքային պիտի ձեւակերպենք։ Աշխատանքային գրքույկը բերել եմ, 40 տարվա ստաժ ունեմ, պարզապես գրքույկում գրված է՝ ընդունել աշխատանքի, բայց ազատման հրաման չկա, պիտի վարչակազմի ղեկավարը գրի, բայց չգիտեմ՝ նա էստեղ ա, թե չէ»։
Խանձքում թողած փաստաթղթերն ու կենսաթոշակ չստանալը միակ խնդիրը չեն։ Տիկին Էմման արդեն տասը տարի շաքարային դիաբետ ունի։ Օրական երկու անգամի փոխարեն մեկ անգամ է ինսուլին ներարկում, որպեսզի տնտեսի իրեն հասանելիք դեղորայքը։
«Մի ֆլակոն (սրվակ) են տալիս։ Տնտեսելով եմ սրսկվում, որ հերիքի։ Եթե չտնտեսեմ, կես ամիս կհերիքի։ Տաքսին չորս հազար դրամ ա ուզում, որ գնամ Ալավերդի, վերցնեմ ու նորից չորս հազար տամ, հետ գամ Դսեղ։ Ես չափում եմ, ամբուլատորիայում էլ են չափում, բարեխիղճ են, հետաքրքրվում են, շուտ-շուտ կանչում են։ Բայց դեղը էստեղ չեն տալիս։ Իսկ Ալավերդու հիվանդանոցում ո՛չ չափում են, ո՛չ անալիզ են վերցնում, ընդամենը ներկայանում ես, ստորագրում, վերցնում»։
Անհրաժեշտ մեկ այլ դեղ նույնպես հիվանդանոցից է ստանում։ Արցախում նման բան երբեք չի եղել, որ պետության կողմից անվճար տրվող դեղորայքի համար տասնյակ հազար դրամ ծախսես, տասնյակ կիլոմետրեր գնաս ու հետ դառնաս։
Ուսուցչի աշխատանքի բացը Էմմա Բաբայանը թոռների հետ դաս անելով է լրացնում։ Հետո անցնում է այգի։ Խանձքի՝ ցորենու եւ գարու արտերն այստեղ թեեւ չկան, բայց տան առջեւ այգի են գցել, որտեղ համարյա ամեն ինչ աճեցնում են։
Տիկին Էմմայի ամուսինը՝ Նվեր Բաբայանը, օրվա մեծ մասն այգում է անցկացնում։ Ճակատագրի հետ անհաշտ նախկին զինվորականը, չնայած կնոջ հորդորին, ոչինչ չի պատմում։ Որոշ դրվագներ կրկին տիկին Էմման է ներկայացնում՝ արցախյան պատերազմներից, «Կոլցո օպերացիա»-ից, Շուշիի բանտից եւ այն ամենից, ինչի միջով անցել են։
«Ո՞վ կպատկերացներ էսպիսի ելք։ Մենք վստահ էինք, որ մինչեւ 2025 թվականը ապահով ա լինելու, դրանից հետո էլ պիտի երկարացնեին էլի խաղաղապահների մնալու ժամկետը։ Մենք ոչ մի կերպ չէինք հավատում, որ կարող ա Ստեփանակերտն էլ հանձնեին։ Ռուսներին հավատում էինք, բայց պարզվեց, որ ռուսները մեզ դավաճանեցին։ Հույսով, հավատով իրենց էինք վստահում, որ մնանք մեր հայրենիքում։ Բայց ամսի 20-ին արդեն ամեն ինչ հասկանալի էր, որ հետդարձի ճանապարհ չի լինելու»։
Բաբայանների ընտանիքը սեպտեմբերի 25-ին է դուրս եկել Ստեփանակերտից։ Պիտի սպասեին, որ հարսը դուրս գրվեր հիվանդանոցից։ Սեպտեմբերի 23-ին ընտանիքի երրորդ երեխան էր ծնվել։
Մինչ այդ հայրական տան նկուղից ծննդատուն տեղափոխված Լիլիթը խնդրել էր բժշկին, որ կեսարյան հատում անեն։ Վերջինս հորդորել էր սպասել՝ վստահեցնելով, որ երեխան գիշերը կծնվի։
«Հիվանդանոցում արդեն առավոտյան խառը վիճակ էր, բժիշկներից ոմանք արդեն դուրս էին էկել։ Մարդ չկար, որ դուրս գրեին ինձ։ Թուղթ պիտի տային, որ դրա հիման վրա ծննդականը վերցնեինք։ Դուրս էկանք առանց ծննդականի։ Թուղթը չկարողացա վերցնել, որ երեխան էնտեղ ա ծնվել»,- պատմում է Լիլիթ Աբրահամյանը։
Արցախում ծնված վերջին փոքրիկներից մեկին՝ Դավիթ Բաբայանին, մեկ ամիս անց ծննդյան վկայական են տվել արդեն Հայաստանում։ Ծննդյան վայրն Արցախն է։
Երեք անչափահաս երեխաների մայր Լիլիթը տեղահանության ահուսարսափից առաջ էլ շրջափակման դառնությունն է ճաշակել։ Ասում է՝ միրգ չկար, պարբերաբար վիտամիններ է խմել, որ երեխան չտուժի։ Հետո սեպտեմբեր էր, եւ հագուստ ու գրենական պիտույքներ չկային, որ վեցամյա Մարիամն ու ութամյա Լիան դպրոց ու մանկապարտեզ գնային։
Շրջափակման ամբողջ ընթացքում Լիլիթը միայն վատ կանխազգացում է ունեցել․ ադրբեջանցիներն ամեն պահի կարող էին ինչ-որ բան ձեռնարկել։
Դսեղում տագնապ չկա, միայն խնդիրներ են, որոնք ժամանակի ընթացքում լուծում կստանան։ Կարեւորը՝ երեխաները հարմարվել են տեղանքին, դպրոցին, որտեղ միայն սեր ու ջերմություն են ստացել։ Դժվարությունը բարբառն է եղել, բայց շատ արագ յուրացրել են նաեւ գրական հայերենը։
Դպրոցից բացի՝ Մարիամն ու Լիան պարի, նաեւ Լոռու ՍՄԱՐԹ կենտրոն են հաճախում։ Մայրն ասում է՝ մեկ տարվա ընթացքում երեխաների կյանքը փոխվել է, ավելի ուրախ են դարձել։ Բայց վերադառնալու մասին հաճախ են հարցնում։
Բաբայանների ընտանիքը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից կառուցված եւ կահավորված տներից մեկում է ապրում. պայմանագրով եւ անհատույց։ Մնում է Հայաստանի քաղաքացի դառնան։
ՀՀ քաղաքացի չլինելու պատճառով Լիլիթ Աբրահամյանը պետության կողմից երրորդ երեխային մինչեւ վեց տարեկան դառնալը տրվող ամսական 50 հազար դրամ աջակցությունից չի օգտվում։ Եթե քաղաքացի չդառնա, բնակարանային ծրագրից էլ ստիպված կլինեն հրաժարվել։
Հայաստանի քաղաքացի դառնալու համար Լիլիթին նաեւ ծնողների փաստաթղթերն են անհրաժեշտ։ Հայրն այստեղ է, իսկ մոր մահվան եւ ծնողների ամուսնության վկայականները Խանձքում՝ հայրական տանն են մնացել։
«Պապաս խուճապի մեջ է եղել, ախպերս՝ անընդհատ դրսում։ Թվացել ա, որ վերցրել են թղթերը, բայց եկել, տեսել են, որ չեն բերել»։
Համապատասխան բազաներում Լիլիթի մոր տվյալները չեն կարողանում գտնել։ Այլընտրանք կա, բայց ժամանակը քիչ է։
«Պիտի հայց ներկայացնեմ դատարան, նախնական 100 հազար դրամ մուծեմ, օր որոշվի, հետո հինգ վկա պիտի գտնեմ մեր գյուղից, որոնք կհաստատեն, որ մայրիկս այդ գյուղից է։ Ախպերս ասեց՝ դա էլ ամիսների խնդիր ա, մինչեւ դա անենք, արդեն ծրագիրը կփակվի։ Մինչեւ դեկտեմբերի 30-ն է բնակարանի ծրագրին դիմելու ժամկետը։ Ես ֆիզիկապես չեմ կարողանա էդ հարցով զբաղվել, անհնար է։ Չգիտեմ՝ եղբորս մոտ կստացվի, թե չէ։ Նա էլ Երեւանում ամեն օր աշխատանքի մեջ ա, չի կարողանում դուրս գա, ժամանակ չունի»։
Կենսաթոշակով եւ աջակցության ծրագրերով ապրող Բաբայանների ընտանիքում միայն որդին՝ Մասիսն է աշխատում։ Սեզոնային գործ է՝ Դսեղի հյուրատներից մեկում։ Հարսը՝ Լիլիթը, պատմության ուսուցիչ է, բայց աշխատանք գտնելու հույս գրեթե չունի։
Ասում է՝ առաջնայինն ու երկրորդայինը խառնվել են․ առանց ամբողջական փաստաթղթերի անհնարին է որեւէ քայլ անել։ Իսկ աջակցության ծրագրերը ժամկետներ ունեն, ո՞վ է մտածում, որ մինչեւ դրանց հասնելը տեղահանվածները ստիպված են հազար ու մի խնդրի միջով անցնել։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։