Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Ուղերձի թարգմանությունը ներկայացնում ենք ստորեւ․
Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորանքներ եւ ջերմ մաղթանքներ եմ հղում Հայաստանի ժողովրդին՝ Ձեր Անկախության 34-րդ օրվա առթիվ։ Որպես Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիր՝ Միացյալ Նահանգները հպարտ է, որ շարունակում է մնալ Հայաստանի կողքին, քանի որ այն դառնում է մեր ժողովրդավարական համայնքի ծաղկող անդամը։
Աշխատելով Միացյալ Նահանգների եւ միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանը ստեղծել է աշխարհի հետ էլ ավելի շատ կապված, ներառական տնտեսություն։ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ առեւտուրը վերջին տասը տարվա ընթացքում կրկնապատկվել է։ Մենք աշխատում ենք Հայաստանի էներգառեսուրսների դիվերսիֆիկացման եւ նրա բնակչության ու տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Մեր ժողովուրդների միջեւ կապերը, որոնք մեր հարաբերությունների հիմքն են, շարունակում են աճել եւ ամրապնդվել, որին նպաստում է Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում հզոր հայկական սփյուռքը: Միասին աշխատելով՝ մենք կարող ենք ավելի մեծ բարգավաճում բերել մեր ժողովուրդներին եւ տարածաշրջանին՝ Հարավային Կովկասը դարձնելով ավելի փոխկապակցված, կայուն եւ անվտանգ։
Նշելով այս կարեւոր օրը՝ Միացյալ Նահանգներն անդրդվելի է հայ ժողովրդի ժողովրդավարական նկրտումների, ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության աջակցության հարցում։ Մենք հարգում ենք Հայաստանի հանձնառությունը հաշվետու կառավարմանը եւ օրենքի գերակայությանը այս լուրջ մարտահրավերների ժամանակաշրջանում։ Մենք կշարունակենք պայքարել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն եւ արժանապատիվ խաղաղության համար: