Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով շարունակվում է շնորհավորական ուղերձների հղումը եվրոպական եւ ԱՊՀ երկրներից։
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան ֆեյսբուքյան էջը տարածել է Անկախության օրվա առիթով թագավոր Չառլզ III-ի հղած շնորհավորական ուղերձը՝ ուղղված Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին։
«Մինչ Դուք եւ Հայաստանի ժողովուրդը նշում եք ձեր Անկախության հատուկ տոնը, ես եւ կինս մեծ հաճույքով մեր սրտանց շնորհավորանքներն ենք հայտնում Ձերդ Գերազանցությանը եւ հայ ժողովրդին։
Ես գնահատում եմ մեր ազգերի միջեւ կապը եւ հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարեւոր գլոբալ հարցերի շուրջ՝ լինեն դրանք խաղաղություն եւ բարգավաճում, թե շրջակա միջավայր եւ կլիմայի փոփոխություն, որոնք կարող են օգուտ բերել մեր ապագա սերունդներին գալիք տարիների ընթացքում: Ես եւ կինս, օգտվելով առիթից, ցանկանում ենք Ձեզ եւ բոլոր հայերին ուղարկել մեր ջերմ բարեմաղթանքները գալիք տարվա համար»,- ասվում է ուղերձում։
Անկախության տոնը շնորհավորել է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ X-ում հայերենով գրառմամբ։
«Շնորհավոր Անկախության տոնը: Կեցցե ազատ, ինքնիշխան եւ ժողովրդավար Հայաստանը։ Եկեք հիշենք բոլոր նրանց, ում զոհողությունների շնորհիվ դա հնարավոր դարձավ»,- ասվում է գրառման մեջ։
Երեւանում Ռուսաստանի դեսպանատունն էլ իր հրապարակած ուղերձում ընդգծում է, որ «Ռուսաստանի Դաշնությունը եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին», ինչպես երկու երկրներին «պատգամվել է ընդհանուր հերոսական պատմությամբ»։
«Եղբայրական հայ ժողովրդին տարածաշրջանի և աշխարհի համար դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա, արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն երկրի և բարգավաճման»,- ասված է ուղերձում: Դրանում նաեւ համոզմունք է հայտնվում, որ երկու երկրների «դաշնակցային փոխգործակցության և բազմատարր համագործակցության հետագա զարգացումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների ակնկալիքներին և շահերին»:
Շնորհավորական ուղերձ է հրապարակել է նաեւ Ուկրաինայի արգործնախարարությունը X-ի պաշտոնական էջում։
«Ջերմորեն շնորհավորում ենք Հայաստանին եւ ԱԳՆ մեր գործընկերներին Անկախության օրվա կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում հայ եւ ուկրաինացի ժողովուրդների պատմական բարեկամությունն ու կապերը եւ հույս ունենք, որ մեր երկրների համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի»,- նշված է ուղերձում։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր եւ բոլոր բելառուսների անունից։
«Բելառուսը եւ Հայաստանը կապված են ամուր բարեկամական կապերով, ընդհանուր պատմությամբ, ավանդական ընտանեկան եւ քրիստոնեական արժեքներով։ Մեր քաղաքացիներին միավորում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի երկրաշարժի հետեւանքների համատեղ հերոսական հաղթահարումը, ինտեգրացիոն կառույցներին մասնակցությունը եւ սերտ գործարար համագործակցությունը»,- ասվում է ուղերձում։
Լուկաշենկոն նաեւ վստահություն է հայտնել, որ ստեղծված պայմաններում դիմակայելու եւ հաջող զարգացումը շարունակելու համար անհրաժեշտ է համախմբվել ու համագործակցել։
«Մինսկը կշարունակի հանդես գալ Երեւանի հետ փոխադարձ հարգալից եւ կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին»,- ասվում է Բելառուսի նախագահի ուղերձում։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն էլ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ուղերձում Ղազախստանի նախագահը նշել է, որ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման եւ միջազգային հեղինակության ամրապնդման գործում:
«Հետեւելով բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության ոգուն՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը վերահաստատել է իր հանձնառությունը հայ-ղազախական հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Նախագահը Հայաստանի ղեկավարին մաղթել է հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն եւ առաջընթաց»,- ասված է Տոկաեւի ուղերձում, որը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը: