2023 թվականի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Արցախի Մարտակերտի 720-րդ մարտական դիրքում զոհվում է Սվետայի ամուսինը` Գեւորգ Սարգսյանը։ Սվետան վեց երեխաների հետ Արցախի Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղից տեղահանվում է Հայաստան։ Շուրջ մեկ տարի է, ինչ ընտանիքն ապրում է Գեղաշեն գյուղում` վարձով տանը։
Սվետան երբեք չի աշխատել, ամուսինը միշտ ասել է` բա քեզ պես սիրուն կինը կաշխատի՞, բա որ ինչ-որ մեկը թարս նայի քեզ։
«Բլոկադայի ժամանակ մեր տանը քիչ թե շատ, բայց էլի սնունդ եղել ա, Գեւորգս նեղ օրվա մասին մտածող մարդ ա եղել, եթե երեք հատ մի ապրանքից բերեր, մեկը դենն էր դնում։ Մենք էլ բոստան ունեինք, հորթ ունեինք։ Էդ ժամանակ նաեւ էլեկտրականությունն էր ժամով, ամուսինս բոյլեր (կաթսա) էր գնել, դրանով ջուրը տաքացնում էինք, երկար ժամանակ տաք էր մնում»,- ասում է Սվետան։
20 տարեկան էր Սվետան, երբ մոխրաթաղցի Գեւորգն աշխատում էր իրենց գյուղում` Ներքին Հոռաթաղում, որպես տանիք վերանորոգող, այդ ժամանակ էլ իրեն պատահաբար տեսել ու հավանել է։ Սվետան հստակ որոշել էր, որ չի ամուսնանալու մինչեւ 20 տարեկանը, Գեւորգին էլ չէր հավանում։
«Ինձ անգամ ուզել ա իրա ախպոր հետ փախցնի, ես գլխի եմ ընկել, չի ստացվել։ Մի օր եկա տուն, տեսա, որ սեղան ա գցած, մամայիս հետ պայմանավորվել էին ու որոշել, որ ինձ պետք ա նշանեն։ Ինձնից մի բաժակ ջուր ուզեց, բերեցի ջուրը, չխմեց, տվեց ինձ, ասեցի` ինչի՞ ես ինձ տալիս, ասեց` տալիս եմ, որ իմանաս, որ ես քեզ հավանում եմ։ Ի՞նչ կարայի անեի, եթե ասեի՝ չէ, կդառնար՝ մամաս խաբել ա, ծնողը սրբություն ա, ես էլ մորս խոսքը գետնով չէի տա։ Հերս ասեց` բայց դու ասել էիր՝ չես ուզում, հիմա դառավ` ինձ մի ուրիշ բան ես ասում, ընդեղ ուրի՞շ։ Մի խոսքով, չգիտեմ` ոնց, էդպես նշանվեցինք։ Մամաս շատ էր ուզում՝ հարսի շոր հագնեի, ես չէի սիրում, Գեւորգս հարսի շորն էլ բերեց. իր հոպարի կնոջ շորն էր։ Մամայիս խաթր հագա, 2004 թվականի մարտի 7-ին մենք ամուսնացանք»,- պատմում է Սվետան։
Առաջին հղիության ժամանակ Գեւորգի հետ վիճել են, ասում է` թողել հեռացել է, ոտքով հասել է հայրական տուն` չիմանալով հղիության մասին։ Գեւորգը եկել է իր հետեւից, հաշտվել են ու վերադարձել միասին։ Հետո արդեն իմացել է հղիության մասին. առաջնեկը Կարենն է եղել` 2005-ին, հետո ծնվել են Քնարը, Գոհարը, Անգելինան, Ալեքսը եւ Տիգրանը։
Տան միակ աշխատողը հիմա 18-ամյա որդին է` փոքրամարմին Կարենը, որն աշխատում է «Կոնվերս» բանկում որպես անվտանգության աշխատակից։ Քսանչորս ժամ աշխատանքի է լինում, երկու օր` տանը։ Շատ է հոգնում, աշխատանքը բարդ չէ, միայն ժամանակն է, որ չի անցնում, տանը բոլորը կարոտում են Կարենին, Կարենը` իրենց։ Շախմատով է զբաղվում, ուզում է հայտնի շախմատիստ դառնալ, Արցախում շատ մեդալներ ու պատվոգրեր է ստացել։ Իր հետ կարողացել է բերել շախմատն ու մեդալները։ Էստեղ էլ է սկսել հաճախել մրցումների։
«Մենք չէինք ասում՝ կարո՞ղ ա կռիվ լինի, ասում էինք` կարո՞ղ ա կարկուտ լինի, դե, հեռախոսները լսում էին թուրքերը էդ օրերին։ Երբ Գեւորգը դիրքերում էր, սեպտեմբերի 17-ից կրակում էին արդեն, էդ օրը փիս անձրեւ էր գալիս։ Զանգեցի Գեւորգին, ասեցի` ո՞նց ես, ինքը երբեք չէր ասում, որ վատ բան ա եղել։ Ասեցի` խփում են էստեղ, ասեց` բան չկա, լավ ա լինելու։ Ես իրա ձենից ամեն ինչ հասկանում էի, ես իրան տասը մատիս պես գիտեի։ Ամսի 19-ին էլի էինք խոսել, ասեցի` պեչենի եմ թխում, ասեց` ես, որ էդտեղ չեմ` թխում ես, հենց գալիս եմ` չես թխում, ասեցի՝ երկու օր ա մնացել, կգաս, քո համար էլ կթխեմ, ու անջատեցի։ Երբ իրան արդեն մի շաբաթ էր մնացել գալու, հրամանատարն ասել էր` երկու շաբաթից նոր կգնաս։ Անցավ մի քանի րոպե, նորից զանգեց, ասեց՝ բայց շատ եմ է կարոտել երեխեքիս։ Մի նկար կար ընտանեկան, դա ուղարկեցի վայբերով, ես էդ օրերին պիտի շատ խոսեի իր հետ»,- ասում է Սվետան։
Երբ իմացել են, որ կռիվ է սկսվում, ու մարդիկ լքում են գյուղերը, Սվետան ու մի քանի գյուղացիներ սկսել են հաց թխել Սվետայի քեռու աղջկա տանը։ Ամուսնու մահվան մասին դեռ չգիտեր, միայն գիտեր, որ խոսել հնարավոր չէ, կապ չկա։ Անգելինային` փոքրիկ աղջկան, հորաքրոջ աղջիկն է պատմել, որ հայրիկը զոհվել է, Սվետային էլ ամուսնու եղբայրն է պատմել, որ լուրը ճիշտ է, ու Գեւորգը սեպտեմբերի 23-ին Մարտակերտի բլոկպոստում զոհվել է։
«Մինչեւ էդ մենք զանգում էինք հրամանատարին, մեզ խաբում էր, ասում էր` կգա, կգա, բայց չեկավ…»,- պատմում է, ու աչքերը լցվում են:
«Ես չէի ուզում դուրս գայի, հույս ունեի դեռ, որ ամուսինս ողջ ա։ Էդ օրը ես հավերը լրիվ մորթեցի, շանը բաց թողեցի, ինձ հորթ էին տվել` որպես բազմազավակի, երեք անգամ ծնել էր, թողեցի էնտեղ, էդ օրը բոլորը խառնված էին։ Ամուսինս փոքր մեքենա ուներ՝ «Զապ», տեգրս պետք ա քշեր, ասեց` հավաքվի, դուրս ենք գալիս, ասեցի` ես չեմ գալիս, ո՞ւր գամ: Համոզեցին, փաստաթղթերը հավաքեցինք, Գեւորգիս բարձն ու վերմակը վերցրի, ու երեխաների հետ դուրս եկանք։Երեք օր ճանապարհ էկանք։
Իմ ամբողջ ուշք ու միտքը Գեւորգն էր, ու թե հիմա ինչ եմ անելու, ոնց եմ պահելու երեխեքին, գժվում էի էդ մտքերից։
Սկզբում էկանք Բյուրական, ծանոթներ ունեինք էնտեղ, զանգեցի իրենց, ասեցի` աստղադիտարանում (Բյուրական գյուղում) տեղ ունե՞ք, ասեց` Սվետա՛ ջան, եկե՛ք, չմտածեք։ Հասանք էնտեղ, մի որոշ ժամանակ մնացինք, էնտեղ հոգեբանի մոտ գնացի, բայց չկարողացավ ինձ օգնել, կամ ես իրոք շատ վատ վիճակում էի։ Երակներս էի անգամ ուզում կտրել, հետո արդեն եկանք Գեղաշեն, իմ ու սկեսուրիս ընտանիքով տեղավորվեցինք երկու վարձով տներում»։
«Գեւորգս կոմունալ ծառայությունների վարորդ էր աշխատում, ամեն ամիս գումար էր գցում «Արցախ» բանկում։ Երբ էկա, մտածում էի` ի՞նչ պիտի անեմ, հնարավոր ա «Արցախ» բանկն էլ չլինի, ու որ ուսանող դառնան իմ էրեխեքը, ես ինչո՞վ պետք ա պահեմ, բայց պարզվեց, որ էդ գումարը մնացել ա։ Ես դա կարամ հանեմ, օգտագործեմ։ Պահում եմ երեխաներիս, երբ ուսանող դառնան։ Հիմա միակ աջակցությունը 40+10 հազարն ա, բայց դա էլ ա վերջանալու։ Երեք ամիս ա՝ ես դեռ չեմ ստացել, մենակ էրեխեքս են ստացել, էդ գումարով ենք էս տան վարձը տալիս` 120000 դրամ, բայց ես երկուհարկանի մեծ տուն եմ թողել Արցախում, իմ Գեւորգի քրտինքով վաստակած տունը»,- սրտնեղում է Սվետան։
Հոկտեմբերի 3-ին Սվետայի տեգրը նկար է ուղարկել ու ասել, որ Գեւորգի մարմինը գտել են։ Դեմքն անճանաչելի է եղել, մարմնի դաջվածքներից են հասկացել, որ Գեւորգն է։ Ձեռքի վրա դաջած է եղել «մամա», ասում է` այդ դաջվածքից շատերը ունեն, ու դժվար կլիներ կռահել՝ Գեւորգն է, թե ոչ։ Երկրորդ նկարը տեգրոջ ուղարկած ուսի գրվածքն էր` «Սեւո սեր». դա Գեւորգն էր։
Հոկտեմբերի 5-ին Եռաբլուրում եղել է հուղարկավորությունը, այդ օրը նաեւ աղջկա` Գոհարի ծնունդն է։
Ամեն տարի իրենց երեխաներին Գեւորգն էր դպրոց տանում-բերում, ու նշում էին սեպտեմբերի 1-ը, ամեն հնարավոր առիթ նշում էին։ Հիմա Սվետան ամեն առավոտ հինգ երեխաների հետ քայլում է Գեղաշենի դպրոց, իսկ ավագ որդուն` Կարենին, հրաժեշտ տալիս մեկ օրով ու ճանապարհում աշխատանքի` Աբովյան։
Գրեթե մեկ տարի է անցել, սակայն Սվետային ամեն րոպե դեռ թվում է, թե Գեւորգը դուռը բացելու է ու ներս մտնելով ասի` տիկի՞նս, եկա, բոյլերը միացրու, չայ խմենք։
Ծննդյան օրը Սվետան Եռաբլուրում է նշել, մայրիկից ծննդյան նվեր վզնոց է ուզել միայն` Գեւորգի նկարով։ Գեւորգի հետ Սվետայի կյանքը սիրով չէր սկսվել, բայց հիմա նա կրում է Գեւորգի նկարով վզնոցը` անդադար հիշելու ու նրա ներկայությունը զգալու համար։
«Իմ Գեւորգն ուրիշ տեսակ մարդ էր, թիթիզ բաներ չէր սիրում, բայց իմ ծնունդին, բոլոր առիթներին միշտ ինձ նվերներ էր անում։ Ես իրա ծնունդն եմ սիրել, ինքը` իմ։ Ես վեց երեխա եմ ունեցել, վեցի ծննդաբերության ժամանակ էլ ինձ ծաղկեփունջ ա բերել։
Սվետան ամենաշատը չորս երեխա է ցանկացել ունենալ, իր ընտանիքում վեց երեխա են եղել, Գեւորգի ծնողները եւս վեցն են ունեցել։ Գեւորգը չի ուզել հետ մնալ ընտանեկան ավանդույթից։
«2016 թվականին՝ Ալեքսիս ծնվելու ժամանակ, բժիշկը նկատեց, որ գլուխը մեծ ա, ասեցին, որ ուղեղի մեջ ջուր ա հավաքվում, պետք ա տանենք Երեւան։ Բերեցինք «Սուրբ Մարիամ Աստվածածին» հիվանդանոց, ստուգեցին ու ասեցին, որ պետք ա վիրահատեն, այլ տարբերակ չկա, բայց թեթեւ վիրահատություն չի, պետք ա ստորագրեմ, որ համաձայն եմ»,- պատմում է Սվետան։
Գեւորգը նորից դիրքերում էր, հաց էր տանում զինվորներին, օգնում էր, Սվետան արդեն հարմարվել էր, որ Երեւան առանց Գեւորգի է գնալու։
Վիրահատության հաջող ավարտվելուց հետո Սվետան որդու հետ վերադարձավ Մոխրաթաղ գյուղ։ Ալեքսը հիմա չունի առողջության խնդիրներ, միայն հաճախ քթից արյուն է հոսում, երբ արեւի տակ է լինում, կապույտ զոլերով թաշկինակը միշտ ձեռքին է, իսկ արյան հոսելու պահին Քնարը` մեծ քույրը, դեղը ձեռքին վազում է օգնելու։
Ալեքսը շատ լուրջ է, հարցին, թե ինչ երազանքներ ունի, ինչ է ուզում ապագայում անել, ասում է` ես մեծանալու եմ՝ զինվոր դառնամ, ընտանիքս պաշտպանեմ, մեր կորցրած հայրենիքը` Արցախը, հետ բերեմ։ Իսկ երբ փոքր եղբայրը` վեց տարեկան Տիգրանը հարցնում է, թե ուր է հայրիկը, ինչու չի գալիս, Ալեքսը վրա է հասնում ու ձեռքը երկինք պարզելով ցույց տալիս ամենամեծ աստղը ու ասում, որ դա հայրիկն է։
«Ես միշտ էրեխեքի մոտ եմ խոսում ամեն ինչ, պատմում եմ իրանց հոր մասին: Էստեղ, երբ հոգեբանի մոտ գնացի չորս օր, ինձ ասեց՝ երեխեքի հետ նենց խոսամ, որ իրանց համար սթրես չլինի։ Էստեղի իրանց դասատուներից մեկը համ էլ հոգեբան ա, էրեխեքի հետ էն սկզբի օրերին շատ էր աշխատում, շատ ահավոր վիճակում էին, հատկապես Ալեքսս»,- պատմում է Սվետան։
Երեխաներից երկուսը` Ալեքսն ու Տիգրանը, Գեղաշեն տեղափոխվելուց հետո հոգեբանական աջակցություն են ստացել։ Երեխաների համար տեղահանությունը ծանր է եղել, պատերազմական օրերը` հիշելի։
Գեւորգի թաղման օրը Ռուսաստանում բնակվող հարազատներն են եկել, Սվետային առաջարկել են իրենց հետ գնալ Ռուսաստան, էնտեղ նոր կյանք սկսել, բայց Սվետան չի համաձայնել, ասում է` ավելի լավ է պադվալում մնաս, քան թե լքես քո հայրենիքը, բայց հիմա ո՞ւր է այդ հայրենիքը։
Սվետան տունը լցնում է Գեւորգի նկարներով, նկարները մեծացնում է ու փակցնում տան պատերին, իսկ իր հետ բերած Գեւորգի բարձն ու վերմակը չի թողնում, որ որեւէ մեկն օգտագործի, որպեսզի Գեորգի հոտը չանցնի, ու շարունակի զգալ նրա ներկայությունը, երբեմն էլ տեսնի երազում։ Փոշմանում է միայն, որ Գեւորգի հագուստները չի վերցրել։
«Կարոտում եմ մեր տունը, կուզեի տեսնեի` հիմա ո՞նց ա մեր հայրենիքը, բայց եթե Ղարաբաղը տան, ես էլ հետ չեմ գնա, ես ամուսնուս չեմ կարա թողնեմ էստեղ ու գնամ։ Հիշողություններն էլ են շատ էնտեղ, չեմ դիմանա։ Ես ուրախ եմ, որ հերոս ամուսին ունեմ, բայց մեկ-մեկ էլ մտածում եմ` ինձ հերոս ամուսի՞ն էր պետք, որ հիմա էրեխեքի ու իմ կողքը չլինի, թեւ ու թիկունք չլինի մեզ։ Էս ցավը երբեք չի անցնի, միշտ տանելու եմ, Գեւորգի բացը ես միշտ եմ զգալու։ Բայց ես էրեխեքիս ունեմ, պետք ա պահեմ, իրանց նպատակին հասցնեմ։ Ես ուզում եմ իմ ամուսնու չապրած կյանքը իմ երեխեքը ապրեն: Գեւորգս եթե ողջ լիներ, ես էլի էրեխեք կունենայի, ես իրանց համար եմ ապրում հիմա»։
Միլենա Ավետիսյան