Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրի փոքր, կիսախարխուլ տնակներից մեկի դռները քսան տարի անց բացվել են. նոր բնակիչ է եկել: Գայանե Աբգարյանը, նույն ինքը՝ քույր Գայանեն, իր կամքով չի հայտնվել Ախուրյանում, Լեռնային Ղարաբաղից է բռնի տեղահանվել: Մենակյաց կինն անսովոր հագուստով եւ բարի ժպիտով հետաքրքրել է տեղաբնակներին:
Քույր Գայանեն տան դռները զարդարել է խաչերով, որ անցնողն իմանա՝ ներսում եկեղեցական է ապրում:
Գայանե Աբգարյանը ծնունդով Աշոցք համայնքի Հարթաշեն գյուղից է: Առաջին մասնագիտությամբ՝ մանկաբարձ, երկրորդով կինոռեժիսոր է: Երիտասարդ տարիներին, երբ կարիերայի վերելքի համար ճիշտ ժամանակն էր, քույր Գայանեի հոգում ծնված՝ Աստծուն եւ մարդկանց եկեղեցում ծառայելու ներքին կանչը հաղթում է բոլոր ձգտումներին:
Քույր Գայանեն հագնում է սեւ սքեմն ու ծառայության անցնում Էջմիածնի Մայր տաճարում, ապա՝ Շիրակի մարզի Հառիճ գյուղի «Հառիճավանք» վանական համալիրում: Կարճ ժամանակ անց քույր Գայանեն հոգեւոր սպասավորությունը շարունակում է Արցախի Մարտունու շրջանի Ննգի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում: «Այստեղ ես զգացի, որ գտա ինձ, գտա իմ առաքելությունն ու տեղը, Արցախն ինձ ձգեց այնպես, ինչպես երկաթը՝ մագնիսին»,- պատմում է մենակյաց քույրը եւ երանությամբ հիշում, թե ինչպես էր հարազատ դարձել Արցախին ու տեղացիներին՝ ինքն էլ դառնալով արցախցի: «Օգնում էի մարդկանց, մխիթարում նեղվածներին ու վշտացածներին, նեցուկ լինում ինձ դիմողներին»:
Որ ուղիղ քսան տարի Ննգիում հոգեւոր ծառայություն մատուցելուց հետո ինքն էր օգնության կարիք ունենալու, գաղթի ճանապարհ բռնելու, երբեք չէր կռահի:
Ախուրյանում պետության տված 50 հազար դրամից 15-ը տալիս է տնակի վարձ, մնացածով էլ ապրում է: Վստահեցնում է՝ թեեւ այժմ վանքում չի ապրում, բայց հոգեւոր ծառայությունից մազաչափ անգամ չի շեղվում:
Բացի հիմնական առաքելությունից՝ քույր Գայանեն հազար ու մի դուռ է թակում, աշխատանք փնտրում, ցանկանում նոր մասնագիտություն ձեռք բերել: Նախ փորձել է կրկին ռեժիսորական ասպարեզ մտնել, բայց զգացել է, որ հետ է մնացել ժամանակից, իսկ կրթությունը շարունակելու հնարավորություն եւ ժամանակ չունի: Բուժաշխատողի աշխատանք նույնպես չգտնելով՝ ուժերը փորձում է արհեստագործության ոլորտում:
Մենակյաց քույրն այժմ հաճախում է Գյումրիում անցկացվող կավագործության դասերի: Ասում է՝ ոգեւորված է բրուտագործությամբ, այդ արհեստի մեջ արվեստ է բացահայտել: Արդեն ափսեներ է պատրաստել, անհունց կավն էլ տուն է բերել, որ վարպետի տված առաջադրանքը կատարի՝ գդալներ սարքի: Տնակի փոքրիկ անկյունը բրուտագործականի է վերածել: «Մտածում եմ՝ իմ իսկ ձեռքով պատրաստած կավե ամանները հավաքեմ, Արցախ վերադառնալիս հարազատ վանք տանեմ»:
Կավագործությունը կավագործություն, բայց քույր Գայանեն ժամանակակից տեխնոլոգիաներով նույնպես հետաքրքրված է: Ծրագրավորում եւ նոր լեզուներ ուսումնասիրելու համար դիմել է Ախուրյանի համայնքապետարան, համակարգիչ ուզել: Նվերը տեղ է հասել, առաջին դասն էլ շուտով կմեկնարկի:
Մեզ ճանապարհելիս Գայանե Աբգարյանը ցույց է տալիս տնակի անմխիթար վիճակը, պատմում, որ կպչուն ժապավենով է մի կերպ ապակիներն «իրար գլուխ հավաքել»: Թե՛ պետական, թե՛ մասնավոր աջակցություններից օգտվել է, բայց միեւնույնն է, ապրելը դժվար է այստեղ:
Քույր Գայանեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար ՀՀ Կառավարության նախաձեռնած բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից չի կարող լիարժեք օգտվել, քանի որ ընտանիքի անդամների թվով է պայմանավորված հատկացվող գումարի չափը: Այս դեպքում նրան կհասնի ընդամենը 3 միլիոն դրամ, որով բնակարան գնելն անհնար կլինի: Բայց դրանից էլ չի դժգոհում, ասում է՝ մի տնակ կամ տարածք կգնի, կսարքի, կապրի, մինչեւ Արցախ վերադառնա:
«Հավատով սպասում եմ, որ վերադառնալու ենք: Ննգիի Սուրբ Աստվածածին եկեղեցին կանչում է, ես միայն այդ հույսով եմ ապրում…»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։