Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիայի նոր արտգործնախարար Ժան-Նոել Բարոյին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
«Ջերմորեն շնորհավորում եմ Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու համար եւ լավագույն մաղթանքներն եմ հղում Ֆրանսիայի ազդեցությանը ծառայելու իր բարձր առաքելության մեջ։ Անհամբեր սպասում եմ նրա հետ աշխատելուն՝ ամրապնդելու Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամությունը, ինչպես նաեւ շարունակելու համատեղ ջանքերը՝ մեր տարածաշրջանում արդար եւ կայուն խաղաղություն հաստատելու համար»,- ասվում է Միրզոյանի X-ի էջում հրապարակված գրառման մեջ։
ՀՀ ԱԳ նախարարը մեկ այլ գրառմամբ նաեւ իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեին համագործակցության համար։
«Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում մեր համագործակցության համար, որը հիմնված է Հայաստան-Ֆրանսիա ամուր բարեկամության վրա, որը մենք հաստատել ենք Հայաստանի եւ Ֆրանսիայի գործընկերության ամրապնդման եւ հարավկովկասյան տարածաշրջանում արդար եւ կայուն խաղաղության հասնելու այս կարեւոր ժամանակաշրջանում։ Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ ապագայում»,- ասվում է գրառման մեջ։
Սեժուրնեն Հայաստան էր ժամանել նախորդ շաբաթ։ Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգող պայամանագրի հնարավորինս արագ ստորագրմանը։
Նա նաեւ վստահեցրել էր, որ Հայաստանին աջակցելու հարցում Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերը, անկախ գաղափարական տարաձայնություններից, համակարծիք են։
«Ֆրանսիայում շատ քիչ թեմաներ կան, որոնց շուրջ բոլոր քաղաքական ուղղությունները համաձայն են, եւ այդ թեմաներից մեկը Հայաստանն է»,- նշել էր Ֆրանսիայի նախկին արտգործնախարարը։
Նշենք, որ նախօրեին հաստատվեց Ֆրանսիայի կառավարության նոր կազմը։ Արտգործնախարարի պաշտոնում նշանակվել է Եվրոպայի հարցերով նախկին նախարար-պատվիրակ Ժան-Նոել Բարոն։