Հայաստանն ու Ադրբեջանը Հարավային Կովկասում մշտական խաղաղության եւ կայունության հասնելու կարեւոր հնարավորություն են ստացել։ Սրա մասին Թուրքիայի ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության եւ Նյու Յորքում գլխավոր հյուպատոսության «Թյուրքեւի» անունը կրող շենքում վերլուծաբանների ու լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ըստ նրա՝ տարածաշրջանի երկրների միջեւ տարաձայնությունների վերացումը, ինչպես նաեւ խաղաղության եւ բարիդրացիության հաստատումը Անկարայի հիմնական սկզբունքներից են։
«Թուրքիան կարեւոր է համարում, որ բոլոր պետությունները հարգեն միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ միջազգային իրավունքը։ Այսօր ժամանակակից աշխարհում իմ թվարկած սկզբունքների կարիքը խիստ զգացվում է»,-ասել է Էրդողանը։
Թուրք-ամերիկյան ազգային համակարգող կոմիտեի (TASC) կազմակերպած միջոցառմանն ունեցած ելույթի ընթացքում էլ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնման համար խոչնդոտներ կարող է ստեղծել պատմական փաստերը որպես քաղաքական գործիք օգտագործելը։
«Հարցերը, որոնք պետք է թողնվեն պատմաբաններին, որպես քաղաքական գործիք օգտագործելը եւ դրանք տարբեր լոբբիների կողմից շահագործելը չի նպաստի թուրք-ամերիկյան հարաբերություններին, ոչ էլ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերին»,- ասել է Թուրքիայի նախագահը: