ԵՄ երկրների դեսպանները այցելել են Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին գտնվող Մարգարայի անցակետ։ Դիվանագետներին այնտեղ դիմավորել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Կոմիտեի նախագահը եւ ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետի տարածքում: Այդ ընթացքում ներկայացվել են անցակետի ենթակառուցվածքների արդիականացումը, ինչպես նաեւ սահմանային հսկողություն իրականացնելու առանձնահատկությունները։
ՀՀ ՊԵԿ ֆեյսբուքյան էջում նշվում է, որ Մարգարայի մաքսակետում, ինչպես Հայաստանի մյուս անցակետերում, պետական սահմանային հսկողությունը նախատեսվում է իրականացնել սահմանային համալիր կառավարման սկզբունքի հիման վրա՝ «մեկ պատուհան» համակարգով։
Դիվանագետներին ներկայացվել են նաեւ մաքսային բարեփոխումների հիմնական ուղղությունները, այդ թվում՝ առեւտրի դյուրինացումը, թվայնացումը եւ ենթակառուցվածքների արդիականացումը, ինչպես նաեւ միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները:
«ԵՄ դեսպանները, կարեւորելով ԵՄ-ՊԵԿ համագործակցությունը եւ ներդրված համատեղ ջանքերը, գոհունակություն են հայտնել անցակետում կատարված աշխատանքների համար»,- ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ։