Իրանի պատվիրակությունը՝ նախագահ Մասուդ Պեզեշկիանի գլխավորությամբ, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում կփորձի սկսել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի» վերաբերյալ բանակցությունների նոր փուլը: Սրա մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Ես նախագահից մի քանի օր ավելի երկար եմ լինելու Նյու Յորքում եւ ավելի շատ հանդիպումներ կունենամ այլ երկրների արտգործնախարարների հետ։ Մենք կփորձենք սկսել միջուկային հարցերի շուրջ բանակցությունների նոր փուլ»,- ասել է Արաղչին իր տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութում։ Ըստ նրա՝ Թեհրանը պատրաստ է նոր փուլ սկսելու, եւ եթե մյուս կողմերը հետաքրքրություն ցուցաբերեն, «այս այցի ընթացքում բանակցությունները կարող են վերսկսվել»։
«Փոխանակվել են հաղորդագրություններ, եւ կան պատրաստակամության մասին հրապարակային հայտարարություններ։ Սակայն ներկայիս միջազգային իրավիճակն այնպիսին է, որ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումը որոշ չափով ավելի բարդ եւ շփոթեցնող է թվում, քան նախկինում»,- ասել է Իրանի արտգործնախարարը։
Իրանի միջուկային հարցերին վերաբերող «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը» ստորագրվել է 2015 թվականին Իրանի եւ միջազգային միջնորդական խմբի կողմից, որը բաղկացած էր Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից: Համաձայնագիրը նշանավորեց 2004 թվականին սկսված ճգնաժամի ավարտը, երբ արեւմտյան երկրները Իրանին մեղադրում էին միջուկային զենք ստեղծելու համար եւ պատժամիջոցներ էին սահմանել: Սակայն 2018 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին որոշում էր ընդունել միակողմանի պայմանագրից դուրս գալու եւ պատժամիջոցների ռեժիմը վերականգնելու մասին։
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը բազմիցս է ազդարարել Վաշինգտոնին միջուկային գործարքին վերադարձնելու իր պատրաստակամության մասին։