— Բատոնո Արսեն, նորից Դո՞ւք:
— Բարե՛ւ, Լաշա՛ ջան: Այո՛, ես եմ, տեսնենք՝ այս անգամ ինչ կլինի:
Առավոտյան ժամը 4-ին Թբիլիսիի օդանավակայանում ինձ դիմավորում էր սահմանային ոստիկանության այն նույն աշխատակիցը, որն ուղիղ մեկ շաբաթ առաջ նախ երկիր մուտք գործելու արգելքի փաստաթուղթ եւ ապա Վրաստան մտնելու արտնություն էր տվել ինձ:
— Ձեզ ասել էի՝ 20 տարվա ծառայությանս ընթացքում նման դեպք չէր եղել, երբ դեպորտացիայից հետո մարդուն թողնենք՝ երկիր մուտք գործի, ընդ որում` հենց նույն օրը,- անձնագիրս համակարգչի մեջ տեղադրելով՝ ասաց Լաշան:
— Գուցե համակարգի սխա՞լ էր,- կիսաքուն պատասխանեցի` հույսով, որ գոնե մի քանի ժամ հորիզոնական դիրքում հայտնվելու հնարավորություն եմ ունենալու:
— Հմմ, կարծես կրկին խնդիր ունենք,- պապանձվեց սահմանապահը:
— Ի՞նչ խնդիր է, Լաշա ջան, նույնը, ինչ նախորդ անգա՞մ:
Զարմացած Լաշան ինձ դուրս բերեց անձնագրային անցակետի հատվածից ու խնդրեց սպասել: Չնայած ուշ ժամին՝ գիտեի, որ մի քանի ընկեր օդանավակայան էին գալու` հաշվի առնելով մեկ շաբաթ առաջ տեղի ունեցածը: 20 րոպե սպասելուց հետո արդեն հարազատ դարձած Լաշան եկավ «սեւ թղթով»:
— Բատոնո Արսեն, խնդրեմ անջատե՛ք Ձեր հեռախոսն ու հետեւե՛ք ինձ:
— Deja vu՞,- ասացի:
— Էդպես մի բան թերեւս,- մեղավոր դեմքով ասաց ոստիկանն ու ինձ առաջնորդեց այն նույն սենյակը, որտեղ օրեր առաջ շուրջ երկու ժամ անցկացրել էի Ռուանդայից, Սուդանից ու Հնդկաստանից Թբիլիսիի օդանավակայան հասած ու ինձ պես մուտքի արգելք ստացած պայծառ մարդկանց հետ:
Ուժգին լուսավորությամբ անխնամ սենյակի աջ ու ձախ պատերի տակ հնամաշ բազմոցներ էին: Սենյակի վերջում` սեղանի մոտ, նստած էր մեկ այլ ոստիկան, որ արտաքսվողներիս վերահսկելու գործառույթ ուներ: Այս ոստիկանի մոտ էին պահվում հեռախոսները: Սեղանի կողքին դրված խմելու ջրի սարքն ու բաժակները նույնպես ոստիկանի վերահսկողության տակ էին: Պատուհան չունեցող սենյակից մի դուռ էր բացվում մեկ այլ տարածք, որտեղ երկու մահճակալ կար: Այս մյուս սենյակի միջով կարելի էր զուգարանին հասնել: Խիստ պայծառ ցերեկային լույսերն անջատել չէր թույլատրվում, ուստի քնելու մասին մտածելն անիմաստ էր:
Դեպորտացիայի միջանկյալ փուլում բախտակից ընկերներիս երկրորդ խումբը կրկին բազմազան էր: Այս անգամ լիբանանցի Օսաման էր` Տրիպոլիից, Մոսկվայից՝ Անդրեյն ու կինը, Լեհաստանից՝ Թոմաշը: Բարեւեցի «գաղթական» ընկերներիս ու ինչպես նախորդ անգամ, բազմոցի մի անկյունում տեղավորվեցի: Անձնագիրս նկատելով՝ Անդրեյը զարմացած հարցրեց.
— Ձե՞զ ինչի համար: Վրացիներն արդեն հայերին է՞լ չեն սիրում:
— Չէ՛, կարծես Իվանիշվիլին Պուտինին է շատ սիրում,- կիսաքուն ու հոգնած քրթմնջացի ես:
— Ահա, քաղաքական է ուրեմն,- եզրակացրեց Անդրեյն ու պատմեց, թե ինչպես են իրեն երկու տարի առաջ արգելել մուտք գործել Վրաստան, ուր որդուն այցելելու նպատակով էր եկել, սակայն հետո պարզվել էր, որ միեւնույն անուն-ազգանունով այլ մարդու է վերաբերել խնդիրը:
Թբիլիսիի օդանավակայանի այս լուսառատ սենյակն իհարկե բանտ չէր, սակայն փաստացի անազատության մեջ հայտնվելով՝ բանտարկյալ ես զգում քեզ: Համանման իրավիճակում հայտնված այլ մարդկանց հետ էլ հատուկ համերաշխություն ունես. բոլորիս դարդը նույնն է` «մեզ այստեղ չեն ընդունում»:
— Օսամա՛ ջան, քեզ ինչո՞ւ չեն թողնում Վրաստան մտնել,- հարցրի լիբանանցի ընկերոջը:
— Ես Թուրքիայում եմ աշխատում: Տարին մեկ անգամ պետք է դուրս գամ երկրից, որ կարողանամ երկարացնել կեցությունս: Նախկինում կա՛մ Լիբանան, կա՛մ Սիրիա էի գնում: Հիմա մեզ մոտ խաղաղ չէ, ուստի որոշեցի Վրաստանով փորձել, բայց կարծես չստացվեց:
Լեհաստանցի Թոմաշն անհաղորդ էր: Բազմոցին նստած՝ դանթում էր: Մեր խոսակցություններն իրեն կարծես հետաքրքիր չէին: Մենք էլ իրեն չէինք անհանգստացնում: Մոտ չորս ժամ անց եկավ Լաշան:
— Բատոնո Արսեն, խնդրեմ հետեւե՛ք ինձ:
— Դե ի՞նչ, Լաշա՛ ջան, կրկին սխալվե՞լ էր համակարգը, թողնո՞ւմ եք՝ մտնեմ Թիֆլիս:
— Ո՛չ, ցավոք, բատոնո Արսեն, Դուք վերադառնում եք Լյուքսեմբուրգ:
— Լյուքսեմբո՞ւրգ,- անկեղծորեն զարմացա ես,- վաղն առավոտյան Թբիլիսիից Երեւան մեկնող օդանավի տոմս ունեմ. եթե Վրաստան չեմ կարող մտնել, գոնե թույլ տվեք տրանզիտի գոտում սպասեմ ու Երեւան գնամ:
— Չենք կարող, բատոնո Արսեն, մեր օրենսդրությամբ, եթե մարդու մուտքը երկիր արգելվում է, նրան պետք է հետ ուղարկենք այնտեղ, որտեղից ժամանել է:
— Ա՜յ քեզ բան: Հիմա, եթե, օրինակ, Լյուքսեմբուրգի մուտքի արտոնագիր չունենայի, ի՞նչ էիք անելու:
— Չգիտեմ, բայց ունեք, ուստի վերադառնում եք այնտեղ, որտեղից եկել եք,- կարճ կապեց Լաշան ու առաջնորդեց մի առանձին փոքր տարածք, որտեղ անվտանգության ռենտգեն սարք կար: Այստեղ մանրամասն ստուգեցին իրերս, անցա մետաղորսիչ սարքի միջով, ապա Լաշայի ուղեկցությամբ ինքնաթիռին հասա, որի մուտքի մոտ մեկ այլ ոստիկան «ընդունեց» արտաքսվողիս: Ինչ-որ թղթեր ստորագրեցին, եւ արդեն այս մյուս ոստիկանի հետ մտանք օդանավ, որն ամբողջությամբ դատարկ էր: Ինձ նստեցրին ձախից ամենավերջին նստատեղին եւ խնդրեցին հետեւել ինձ կցված ուղեվարուհու հրահանգներին: Ճարս ինչ, ասացի, ու մինչ ինքնաթիռը լցվեց մյուս ուղեւորներով, քնեցի:
Արթնացա ուղեվարուհու ձայնից:
-Պարո՛ն, արթնացե՛ք, մենք հասել ենք Ստամբուլ: Ելքի մոտ Ձեզ կդիմավորեն: Ձեր անձնագիրն էլ իրենց մոտ կլինի:
Աչքերս մի կերպ բացեցի կրկին դատարկ օդանավում: Մի պահ թվաց, թե երազ եմ տեսնում, բայց արագ վեր կացա ու դուրս եկա ինքնաթիռից: Ելքի մոտ մի կին անձնագիրս ձեռքին անուն-ազգանունս կարդաց, ապա հրահանգեց հետեւել իրեն: Ստամբուլի օդանավակայանի առանձին միջանցքներով առաջնորդեց մի տարածք, որտեղ ինձ արդեն սպասում էին թուրքական ավիաուղիների ներկայացուցիչներ:
— Դուք Լյուքսեմբուրգ եք գնում, չէ՞,- տեղ հասնելուն պես հարցրեց ընկերության ներկայացուցիչներից մեկը:
— Կարծեք թե այդպես է, բայց կնախընտրեի Երեւան մեկնել, եթե հնարավոր է:
— Երեւան կամ որեւէ այլ ուղղությամբ գնալու համար պետք է դուրս գաք Թուրքիայի տարածք, իսկ Դուք իրավունք չունեք:
— Ինչո՞ւ,- հարցրի:
— Քանի որ արտաքսվելու դեպքում մենք պարտավոր ենք մարդուն հասցնել ճանապարհորդությունը մեկնարկելու վայր:
— Լավ, ինչ արած: Իսկ ինչքա՞ն եմ սպասելու,- հարցրի:
— Դեպի Լյուքսեմբուրգ հաջորդ թռիչքը վեց ժամից է:
— Այդ դեպքում թույլ տվեք դուրս գալ օդանավակայանի ընդհանուր տարածք:
— Չենք կարող, պետք է այստեղ սպասեք, իսկ անձնագիրը Ձեզ կվերադարձնեն Լյուքսեմբուրգում:
Եվ այսպես Ստամբուլի օդանավակայանի ընդարձակ, բայց դատարկ այս տարածքում կրկին փաստացի բանտարկվեցի, սակայն մի տարբերությամբ` հեռախոսս վերադարձրել էին: Այս օդանավակայանում համացանցին միանալու համար անձնագրի առկայությունը պարտադիր նախապայման է, ու թեեւ անձնագիրս վերցրել էին, երկրորդը` բիոմետրիկն ունեի, որի առկայության մասին չգիտեին:
«Միշտ հիշի՛ր, Արսե՛ն, որքան շատ փաստաթուղթ ունես, այնքան լավ: Երբեք չգիտես, թե ինչ իրավիճակում դրանք պետք կգան»,- փաստորեն մորս այս կարեւոր խորհուրդն իրոք պետք եկավ Ստամբուլի օդանավակայանում: Միացա համացանցին: Հոգնած, անքուն ու չհիմնավորված մուտքի արգելքից զայրացած՝ գրառում արեցի Ֆեյսբուքում` մեղադրելով Վրաստանի իշխանություններին «ռուսի ստրուկ» լինելու համար: Ապա հանգիստ պատասխանեցի 100-ից ավելի նամակներին ու չզգացի, թե ինչպես անցավ վեց ժամը, երբ ինձ կրկին մոտեցավ Թուրքական ավիաուղիների ներկայացուցիչն ու հրահանգեց հետեւել իրեն:
Օդանավակայանի երկարուձիգ միջանցքներով հասանք անվտանգության ռենտգեն սարքերի առանձին մի սենյակ: Ինչպես Թբիլիսիում, այստեղ էլ եւս մեկ անգամ ստուգեցին իրերս, կրկին անցա մետաղորսիչ սարքի միջով, եւ ապա ուղեկցեցին մինչեւ օդանավ: Կրկին ընդունում-հանձնում արեցին, ինչ-որ թղթեր ստորագրեցին եւ հրավիրեցին դատարկ ինքնաթիռ: Ինչպես նախորդի դեպքում, նստեցրին օդանավի ձախ կողմից ամենավերջին նստատեղում ու հրահանգեցին լսել ուղեվարուհուն: Ճարս ինչ, մտածեցի, ու մինչ կհայտնվեին մյուս ուղեւորները, կրկին քնեցի:
«Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, սիրելի՛ երեխաներ. մեր ինքաթիռը վայրէջք կատարեց Լյուքսեմբուրգի «Ֆինդել» միջազգային օդանավակայանում». օդաչուի խոսքերից արթնացա ու նորից կարծես երազի մեջ լսեցի ուղեվարուհու ձայնը:
— Սպասեք խնդրեմ, որ բոլորը դուրս գան օդանավից: Ձեզ կդիմավորեն մուտքի մոտ:
Բոլորը դուրս եկան, ես էլ մի կերպ ինձ հասցրի օդանավի ելքին: Այստեղ ինձ էր սպասում մի բարետես կին:
-Արսեն Խառատյա՞ն:
-Այո՛, ես եմ:
-Խնդրեմ հետեւեք ինձ,- ասաց քաղաքացիական հագուստով կինն ու առաջնորդեց դեպի անձնագրային վերահսկողության կետ:
-Ներեցե՛ք, կարո՞ղ եմ հարցնել` ինչու են Ձեզ մերժել մուտք գործել Վրաստան,- հարցրեց բարեհամբույր լյուքսեմբուրժուան:
-Դժվարանում եմ ասել:
-Արգելքի պատճառների բաժնում գրված է «Այլ պատճառ»: Դա սովորաբար քաղաքական դեպքերում է լինում:
-Այո՛, ինձ էլ է այդպես թվում: Ինչ ասեմ, լրագրող եմ, այնտեղ էլ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են:
-Օ՜, ուրեմն պարզ է: Դե ինչ արած, բարի վերադարձ Լյուքսեմբուրգ,- մեղմ ու հանդարտ ձայնով ասաց նա ու անձնագիրս հանձնեց սահմանապահին,- սա թերեւս բացառիկ դեպք է, երբ ոչ թե մեր մոտից են Վրաստան տարհանում, այլ այնտեղից այստեղ, ուշադիր նայի՛ր գործին, Արմանդ:
Սահմանապահ ոստիկանը վերցրեց անձնագիրս եւ ուղեկցող մյուս ընդունման-հանձնման փաստաթղթերը: Անձնագիրս անցկացրեց համակարգչով, ապա ասաց, որ մուտքս Լյուքսեմբուրգ հաստատվել է, սակայն պետք է խորհրդակցի իր վերադասի հետ: Մեկ-երկու րոպեից մոտեցավ մեկ այլ սահմանապահ, նայեց համակարգչին, անձնագրիս, ուղեկցող ընդունման-հանձնման ակտերին ու խոժոռված դեմքով հարցրեց.
-Լյուքսեմբուրգ մուտք գործելու խնդիր չունեք, բայց զարմանալի է, ինչո՞ւ Վրաստանը Ձեզ չի ընդունել:
-Չգիտեմ, չեն սիրում երեւի լրագրողներին,- ժպտալով ասացի ես:
-Դե, ինչ արած, պար՛ոն Արսեն, բարի գալո՛ւստ Եվրամիություն:
-Շնորհակալ եմ, Ձեզ լավ երեկո,- անձնագիրս ու մնացած փաստաթղթերը վերցրի ու վերջապես դուրս եկա օդանավակայանից:
Լյուքսեմբուրգի անտառների թթվածնով հագեցած սեպտեմբերյան այդ երեկոն անասելի հաճելի էր, եւ այս անհեթեթ պատմության ավարտին հասնելուց հետո է՛լ ավելի համոզվեցի, որ մեր` Հայաստանի ու Վրաստանի տեղը հենց այս` եվրոպական ընտանիքում է: Ու որքան էլ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած վարչակարգը փորձի փոխել պատմության ներկա ընթացքը, նրան չի հաջողվելու սահմանափակել իր իսկ քաղաքացիների արժեքային ընտրությունը` դեպի ազատություն վրաց ժողովրդի տասնամյակների պայքարն ու նվաճումները:
Արսեն Խառատյան