87-ամյա Լիդա Հակոբյանը մեծ ընտանիքի ձմռան պաշարն է կուտակում. հասուն լոբին հավաքել, չորացած պատիճներից մեկ-մեկ առանձնացնում է: Ընտանիքում ութ հոգի են, չորսը՝ մանկահասակ. կերակրել է պետք: Ինքնիրեն բարձր մտածում է՝ մի երկու-երեք ճաշի լոբի էլ մաքրի, էլի բան է:
Լեռնային Ղարաբաղի Մարտունիի շրջանի Քերթ գյուղից է տեղահանվել Լիդա տատն իր ընտանիքով: Տան մեծն ինքն է, ամուսինը վերջերս է մահացել. «Բախտավոր էր, որ գաղթը չտեսավ, հայրենիքից էլ իրեն ոչ մի թշնամի չկարողացավ հանել»:
Առանց գործն ընդհատելու տատը պատմում է, թե լուսահոգի ամուսնու հետ արդար քրտինքով ինչ ապրուստ էին հետ գցել, քանի տուն էին սարքել՝ մեկը մեկից լավը: «Տո՞ւն… էն էլ ի՜նչ տներ ունեինք, երանի այնտեղ գայիք մեզ հյուր, տեսնեիք՝ ինչ պալատում էինք ապրում»,- արցունքը կոկորդում խեղդելով՝ պատմում է զառամյալ կինը:
Արցախից բռնի տեղահանված Հակոբյաններն արդեն մեկ տարի է, ինչ Շիրակի մարզի Քեթի գյուղում են ապրում: Ընտանիքի մայրը՝ Սվետլանա Հակոբյանն ասում է՝ դեռ ապագայի հստակ ծրագիր չունեն: Չգիտեն՝ կմնա՞ն Քեթիում, թե՞ այլ տեղ կգնան, բայց մի բան հաստատ են որոշել, ամենափոքր հնարավորության դեպքում Արցախ կգնան: «Մենք միայն վերադառնալու հույսով ենք ապրում, թե չէ այստեղ ո՛չ աշխատանք կա, ո՛չ էլ հեռանկար»:
Մի քանի տուն այն կողմ էլ Յաշա Պողոսյանի յոթհոգանոց ընտանիքն է հաստատվել: Նրանք էլ են Քերթից եկել, Քեթի հասել: Հայրենի գյուղում զոհված փոքր զավակի շիրիմն են թողել, ինչպես նաեւ ամբողջ կյանքի արած-դրածը: Քեթիում հավանում են մարդկանց, ասում են՝ շատ հասնող են, ընկերասեր, հյուրասեր: Պողոսյանների խնդիրն էլ է գործազրկությունը, պետական եւ մասնավոր աջակցությունից օգտվում են, բայց ուզում են աշխատեն, իրենց քրտինքով վաստակեն:
Քեթիի վարչական ղեկավար Վոլոդյա Սարգսյանն ասում է՝ իրենց գյուղում արցախցի 5 ընտանիք է ապրում՝ 26 անձ: Դեռ մշտական, գրանցված աշխատանքի ոչ մեկը չի ընդունվել. եթե աշխատել են, միայն օրավարձով կամ ժամանակավոր: Վարչական ղեկավարը նոր եւ հին բնակիչների շփումն ու հարաբերությունները շատ դրական է համարում, ասում է՝ շատ լավ ինտեգրվել են, մեծ ընտանիքի պես ապրում են գյուղում:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու դեպքում Քեթիում տուն գնելու կամ կառուցելու համար արցախցիներն ավելի շատ աջակցություն կստանան, քան Շիրակի մարզի քաղաքներում եւ քաղաքամերձ այլ գյուղերում:
Եթե ընտանիքն ուզում է քաղաքում ապրել, մեկ անդամի համար կստանա 3 միլիոն դրամ փոխհատուցում, իսկ շուրջ վեց տասնյակ հեռավոր գյուղերում, այդ թվում Քեթիում բնակություն հաստատելու համար մեկ անձին 4 միլիոն դրամ կհատկացվի:
Պարզվում է, եթե որոշեն Քեթիում բնակարան գնել, Կառավարությունից Հակոբյանները 32 միլիոն, Պողոսյանները 28 միլիոն դրամ կստանան:
Հարցին, թե մտադիր են արդյոք Քեթիում տուն գնել կամ կառուցել, երկու ընտանիքներն էլ միաձայն պատասխանում են՝ դեռ ոչ: Ծրագրից օգտվելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը պարտադիր պայման է, որին, սակայն, նրանք դեռ գնալ չեն ուզում:
Մեր դիտարկմանը, թե վերը նշված գումարով բացի բնակարանից կարող են նաեւ ընտանի կենդանիներ գնել, տնտեսություն զարգացնել, երկու ընտանիքների պատասխանն էլ մեկն է՝ մենք կրկին Արցախ ենք վերադառնալու, մեր տներին տեր կանգնելու:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։