Գլոբալ ճգնաժամի պատճառներից մեկն այն է, որ միջազգային հարթակները վաղուց դարձել են փոխադարձ մեղադրանքների, սպառնալիքների, փակուղիների, ճգնաժամերի ազդարարման հարթակ: Սրա մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախօրեին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող «Ապագայի գագաթնաժողովին»։
Իր ելույթում վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կարեւոր գործը, որ պետք է արվի, ապագան նախագծելն է, իսկ ապագայի համար ամենակարեւոր բանը, որ հնարավոր է կատարել, պոզիտիվ խոսույթներ ձեւավորելն է եւ դրանց հիմքերի ստեղծման հնարավորությունների վրա կենտրոնանալը։
«Դժվար եմ հիշում միջազգային հարթակներում պոզիտիվ խոսույթ իմ կամ այլ լիդերների անունից»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ դրա համար օբյեկտիվ պատճառներ շատ կան․ այն է՝ պոզիտիվ նյութերի քիչ լինելը։
«Իսկ գուցե դա նրանից է, որ նախկինում պոզիտիվ խոսույթը քիչ է եղել կամ բացակայել է: Մենք սովորաբար գալիս ենք ՄԱԿ՝ ազդարարելու, թե ինչքան վատ է լինելու, որովհետեւ դրա մասին վկայող փաստերը շատ են ու ամենուր, եւ դրանք տեսնելու համար ջանք առանձնակի պետք չէ գործադրել»,- ասել է Փաշինյանը:
Ըստ նրա՝ ջանքը պետք է գործադրել լավ ապագայի նախադրյալները տեսնելու եւ դրանց շուրջ մտածելու համար, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում իրականության մեջ, նախեւառաջ տեղի է ունենում մարդկային մտքում:
«Իմ կուսակցությունը «Ապագա կա՛» կարգախոսը որդեգրեց այն պայմաններում, երբ թվում էր՝ մեր երկրում ու տարածաշրջանում լավատեսության համար ոչ մի հույս չկա: Հիմա այդպես է գլոբալ առումով: Եվ ես ուզում եմ Ապագայի գագաթնաժողովում հնչեցնել այդ համոզմունքը՝ «Ապագա կա», ու դրանում ունենալ իմ բաժին ներդրումը: Ի տարբերություն նախորդ երեք անգամների` ես Գլխավոր վեհաժողովի իմ այս տարվա ելույթում ավելի շատ կկենտրոնանամ հնարավորությունների վրա, քան հարեւան երկրներին մեղադրելու։ Եվ դա դրական մտածելու եւ հնարավորությունների մասին խոսելու հնարավորություն կտա»,- եզրափակել է ՀՀ վարչապետը։