Իսրայելը երկուշաբթի ավիահարվածներ է հասցրել Լիբանանում տեղակայված «Հըզբոլլահի» հարյուրավոր օբյեկտներին, ինչի հետեւանքով, ըստ լիբանանյան իշխանությունների, զոհվել է առնվազն 492 մարդ, այդ թվում՝ 35 երեխա, իսկ վիրավորների թիվը անցնում է 1600-ից։
Reuters-ը, հղում կատարելով լիբանանցի պաշտոնյաներից մեկի հայտնած տեղեկություններին, գրում է, որ սա 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի ավարտից հետո զոհերի ամենաբարձր թիվն է:
«Հըզբոլլահի» եւ Իսրայելի միջեւ վերջին լարվածության ընթացքում իսրայելական օդուժի՝ նախօրեին հասցրած ավիահարվածները Լիբանանի Բեքաա հովտում եւ Սիրիայի սսհմանին մոտ գտնվող հյուսիսային շրջանում ամենամասշտաբայինն էին։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում խոցել է Լիբանանում տեղակայված «Հըզբոլլահի» 1300 թիրախ: Զինվորականները պնդում են, որ թիրախավորել են թեւավոր հրթիռներ եւ հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք «տեղակայվել են գյուղերի ամենակենտրոնում՝ խաղաղ բնակիչների տներում»: Բանակը նաեւ նշում է, որ «Հըզբոլլահը» ծրագրել էր դրանք ուղղել Իսրայելի քաղաքների դեմ՝ «միեւնույն ժամանակ վտանգի ենթարկելով լիբանանցիներին»:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է Լիբանանի բնակիչներին՝ կոչ անելով հեռանալ «վտանգավոր գոտիներից»։
Բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալեւին էլ հայտարարել է, որ իսրայելական բանակը պատրաստվում է Լիբանանում իր գործողությունների հաջորդ փուլին։
«Ըստ էության, մենք հարվածում ենք մարտական ենթակառուցվածքին, որը Հեզբոլլահը կառուցել է վերջին 20 տարիների ընթացքում: Սա շատ կարեւոր է։ Մենք թիրախներ ենք խոցում եւ պատրաստվում հաջորդ փուլերին»,- ասել է Հալեւին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ դիմել է Լիբանանի բնակիչներին՝ կոչ անելով հեռանալ «վտանգավոր գոտիներից»։ Նա պնդել է, որ երբ Իսրայելի գործողությունն ավարտվի, մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց տները։
Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբիադն ի պատասխան հայտարարել է, որ «այս հարձակումների հիմնական նպատակն էր հանգեցնել խաղաղ բնակիչների արտահոսքին այն շրջաններից, որոնք հարձակման են ենթարկվել»։
«Հասկանալի է, որ Իսրայելի կառավարության մտադրությունը սադրելն ու լարվածություն առաջացնելն է։ Մենք պատերազմի նոր փուլում ենք։ Սկզբում եղել են թիրախային հարձակումներ, հիմա դրանք անխտիր են»,- ասել է Աբիադը BBC-ին տված հարցազրույցում։
Նրա համոզմամբ՝ բնակչության ճնշող մեծամասնությունը պատերազմ չի ցանկանում։
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում, AFP-ի հաղորդմամբ, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Լիբանանում տիրող իրավիճակը։ Նա կոչ է արել բոլոր կողմերին «խուսափել տարածաշրջանային բռնկումից, որը կործանարար կլինի բոլորի համար»: