Այն երկրների կառավարությունները, որոնք մասնակցում են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ ամենամյա համաժողովին (COP29), պետք է կատարեն մարդու իրավունքների պաշտպանության իրենց պարտավորությունները եւ Բաքվին թույլ չտան խաթարել կլիմայական ճգնաժամին դիմակայելու ջանքերը։ Սրա մասին ասվում է Human Rights Watch-ի այսօր հրապարակված հարցուպատասխանի փաստաթղթում:
Իրավապաշտպան կառույցը նշում է, որ Ադրբեջանն ունի ավտորիտար իշխանություն, որը չի հանդուրժում այլախոհությունը եւ վերջին ամիսներին ճնշում է անկախ լրագրողներին եւ քաղաքացիական ակտիվիստներին, մինչդեռ կլիմայական արդար եւ հավակնոտ գործողությունները պահանջում են անկախ ձայներ:
«Սա երրորդ տարին է անընդմեջ, երբ COP-ը տեղի է ունենում ռեպրեսիվ վիճակում, ինչը խստորեն սահմանափակում է խոսքի ազատությունը եւ խաղաղ հավաքները։ Ադրբեջանում COP29-ին մասնակցող կառավարությունները պետք է պատրաստ լինեն հաղորդելու հստակ ուղերձ, որ կլիմայական արդար եւ հավակնոտ գործողությունները պահանջում են անկախ ձայների բովանդակալից մասնակցություն»,- ասել է Human Rights Watch-ի բնապահպանական հարցերով ավագ փաստաբան Միրտո Տիլիանակին:
Անկախ ակտիվիզմի նկատմամբ Ադրբեջանի կառավարության թշնամանքը մտահոգություն է առաջացնում, թե արդյոք քաղաքացիական հասարակության խմբերը կկարողանան բովանդակալից մասնակցել COP29-ին, եւ որքանով Ադրբեջանում կզարգանա բնապահպանական ակտիվիզմը համաժողովից հետո, նշում է Human Rights Watch-ը:
2022 թվականին Ադրբեջանի պետական բյուջեի 52 տոկոսը եւ արտահանումից եկամուտների շուրջ 90 տոկոսը նավթից եւ գազից եկամուտներն են։ COP29-ին նախապատրաստվելու համար ապրիլին բարձր մակարդակի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց գազի արդյունահանման ընդլայնման ծրագրերի մասին՝ հիմնականում ի պատասխան Եվրամիության շուկայի պահանջների։
«Կառավարությունները չպետք է թույլ տան Ադրբեջանին, որ այն օգտագործի COP29-ը հյուրընկալող երկրի իր դիրքը՝ հանածո վառելիքի ընդլայնումը խթանելու եւ կլիմայական ճգնաժամին դիմակայելու եւ մարդու իրավունքների պաշտպանության ջանքերը խաթարելու համար»,- ասել է Տիլիանակին։