Թվականը ստույգ եմ հիշում. 2005-ի վաղ գարնանն էր: Վանք գյուղից ԼՂՀ նախագահի անունով բողոքագիր էր ստացվել: ԱԺ պատգամավոր էի այդ ընտրատարածքից, բայց արդեն հայտնի էր, թե նոր ընտրություններում ով է ինձ փոխարինելու: Գյուղ գործուղեցին երկուսիս:
Բողոքագրի հեղինակին հրավիրեցինք գյուղապետարան: Նա երկարամյա ուսուցչուհի էր, թոշակի էր անցել եւ պահանջում էր, որ ամուսնու գերեզմանին ձեռք չտան: Այս անհույզ նախադասությունը ոչինչ չի ասում ծավալված դրամայի, եթե չասեմ՝ շեքսպիրյան ողբերգության մասին:
Ինչ-որ մեկի երեւակայությունը Գանձասարի վանքի շրջակայքում տեսել էր ուղղաթիռի վայրէջքի հրապարակ, նոր շենք- շինություններ, իսկ նշված տեղանքը գյուղի հազար տարվա գերեզմանոցն էր: Ասել էր, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ համաձայնեցրել եւ սկսել գերեզմանների, ավելի ստույգ՝ աճյունների տեղափոխում, վերահուղարկավորում:
Ազատված տեղանքում հռնդում էին բուլդոզերներ, հողափոր մեքենաներ, որ հարթեցնում էին ապագա շինհրապարակը: Անխաթար էր մնացել դիմումատուի տոհմական գերեզմանը, որտեղ հանգչում էին սկեսուրը, սկեսրայրը, ամուսինը:
Չգիտեմ, թե այդ պատմությունն ինչ ավարտ է ունեցել, չեմ հետաքրքրվել: Միայն վերադառնալով Ստեփանակերտ՝ նախագահ Ղուկասյանին ասել եմ, որ դիակապտությունը ոչ միայն բարոյական, այլեւ իրավական պատասխանատվություն ենթադրող հանցանք է:
Բայց ո՞վ էր ուշադրություն դարձնում նման «մանրուքների»: Ինչ-որ մեկի խելքին նույնիսկ փչել, համայնքին նոր գերեզմանատեղի էին առանձնացրել, խոստացել, որ աճյունների տեղափոխմանը ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն կցուցաբերեն: Դա արդեն չափից դուրս էր. համայնքը մերժեց:
Գերեզմաններից ազատված տեղում հրապարակ կառուցվեց, հարեւանությամբ՝ հոգեւոր ճեմարանի մասնաշենք, որ այդպես էլ սան չունեցավ: Հետո որոշեցին, որ շենքը պարապ չթողնելու համար այնտեղ Մատենադարանի մասնաճյուղ է բացվում:
Ինչ-որ մեկին պետք է աշխատանքի տեղավորեին, Մատենադարանի «մասնաճյուղը» բացվեց: Այդ առթիվ Մատենադարանի տնօրեն Տեր-Ղեւոնդյանի հետ հեռակա վեճ ունեցա: Նույնիսկ հարցրի՝ պատկերացնո՞ւմ է, որ Ռուսաստանն Էրմիտաժի մասնաճյուղ բացի, ասենք, Թեոդոսիայում՝ Ղրիմում, որպեսզի զբոսաշրջային հոսք ապահովի:
Քանդված գերեզմանների տեղում կառուցված հրապարակը վերջին տարիներին սելֆիի հնարավորություն էր. հայտնի ձիավորին շատերն են տեսել կամ լուսանկարներին սոցիալական ցանցերում հանդիպել:
Ով այցելում էր Գանձասար, մոմ վառելուց հետո պարտքն էր համարում այդ ձիու համետին նստել լուսանկարվել, հետո կանգ առնել ճամփեզրի ժենգյալով հացանոցում, ապա խրախճանքը շարունակել «Ծովին քարի» ռեստորաններից մեկում, խմել միասնական հայրենիքի կենացը եւ գիշերակացի մնալ Ստեփանակերտում կամ Շուշիում:
Անցյալ տարվա սեպտեմբերի 24-ին մեկօրյա ահաբեկչական պատերազմի տասնյակ զոհեր հողին են հանձնվել Ստեփանակերտում: Մի քանի ժամ հետո սկսվել է բնակչության ելքը, եւ մարդիկ չեն ունեցել ո՛չ հնարավորություն, ո՛չ ժամանակ, որպեսզի արտաշիրմում կազմակերպեն եւ աճյունները տեղափոխեն Հայաստան:
Սեպտեմբերի 19-ին Ստեփանակերտում հուղարկավորվածների հարազատները քրիստոնեական կարգով տարելիցի արարողություն են կազմակերպել: Սեպտեմբերի 24-ի հումանիտար աղետի տարելիցի կապակցությամբ Ստեփանակերտի ոչ մի պաշտոնյա նրանց ծնողներին, կանանց, զավակներին ցավակցական ոչ մի խոսք չի հասցեագրել:
Արցախի իշխանության ներկայացուցիչները Ստեփանակերտից անցյալ տարի հեռացել են հոկտեմբերի 3-ին: Ութ-ինը օրը բավարար ժամանակ էր, որպեսզի նրանք ռուսական զորախմբի միջնորդությամբ ադրբեջանցիների հետ կարգավորեին այդ շատ ցավոտ հարցը:
Կարելի է, իհարկե, Ֆեյսբուքում գրել, որ «տղաներն այնտեղ հողը պահում են եւ սպասում մեր վերադարձին»: Բայց ինչո՞ւ ստել: Եվ մի՞թե դա էլ բարոյական դիակապտություն չէ:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։