Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։
Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ իրանական կողմը մանրամասն տեղեկացվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը իրանցի գործընկերոջը կրկին հայտնել է, որ խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ամենալուրջ խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է, ինչպես նաեւ մի շարք իրավաքաղաքական փաստաթղթերում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։
Բայրամովը նաեւ բողոքել է Հայաստանում իբր շարունակվող ռեւանշիստական միտումներից եւ այդ ֆոնին Հայաստանի արագ վերազինումից։ Նրա խոսքերով՝ տարբեր պետությունների կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական աջակցության աճը վնասում է տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման ջանքերը։