Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 25-ին առանձնազրույց է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Սրա մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախարարները բարձր են գնահատել երկու երկրների պաշտպանության բնագավառում համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի ու Կիպրոսի համագործակցության ներկայիս ընթացքին, ինչպես նաեւ այն առավել զարգացնելուն վերաբերող հարցեր:
Քննարկվել են նաեւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափով համագործակցությանը, Հայաստանի եւ Կիպրոսի զինված ուժերում ընթացող բարեփոխումներին եւ փորձի փոխանակմանն առնչվող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:
Հանդիպմանը հաջորդող մամուլի ասուլիսի ժամանակ էլ Պապիկյանը, տեղեկացնելով, որ գործընկերոջ հետ բովանդակային քննարկումներ է ունեցել ինչպես պաշտպանական համագործակցության զարգացման, այնպես էլ անվտանգության հարցերի շուրջ, նշել է, որ կա համագործակցության դեռ չօգտագործված ներուժ։
«Թեեւ պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությունը բարձր մակարդակի վրա է եւ վերջին տարիներին դինամիկ զարգանում է, սակայն ունենք չօգտագործված մեծ ներուժ, որն առաջիկայում կյանքի ենք կոչելու»,- նշել է նախարարը։
Ընդգծելով, որ հայ եւ կիպրացի ժողովուրդների բարեկամությունն ու մշակութային ընդհանրությունները բազմադարյա պատմություն ունեն՝ Պապիկյանը նշել է, որ Կիպրոսն ու Հայաստանը ոչ միայն լավ բարեկամներ են, այլ նաեւ բնական դաշնակիցներ։
Վասիլիս Պալմասն էլ իր հերթին նշել է, որ երկու երկրները տարիներ շարունակ արդեն ձեւավորել են բովանդակալից եւ զարգացող հարաբերություններ, ինչպես նաեւ համագործակցություն անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում։
«Մեր համագործակցությունը ներառում է փոխադարձ այցեր ռազմական անձնակազմի, ընդհանուր զորավարժությունների եւ վարժանքնեիր, ինչպես նաեւ պաշտպանական գնումների ոլորտը»,- նշել է նախարարը՝ կրկին շեշտելով, որ իսկապես կա համագործակցությունը շարունակելու մեծ ներուժ։
Նախարարը նաեւ հայտարարել է, որ Կիպրոսը հաստատակամորեն աջակցում եւ սատարում է բոլոր տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը։