ԱՄՆ նախկին նախագահ եւ նոյեմբերին սպասվող նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում կդադարեցնի ԱՄՆ-ի մասնակցությունը ուկրաինական պատերազմին, հայտնում է Reuters-ը։ Թրամփը սրա մասին հայտարարել է Ջորջիա նահանգում անցկացված նախընտրական միջոցառման ժամանակ։
«[ԱՄՆ նախագահ Ջո] Բայդենն ու [փոխնախագահ] Քամալան են մեզ ներքաշել Ուկրաինայում այս պատերազմի մեջ, եւ այժմ նրանք չեն կարող մեզ դուրս հանել։ Նրանք չեն կարող մեզ այնտեղից հանել։ Կարծում եմ՝ մենք մխրճված կմնանք այս պատերազմի մեջ, քանի դեռ ես նախագահ չեմ դարձել: Ես կարող եմ կարգավորել սա: Կհասնեմ, կգնամ բանակցությունների։ Մենք պետք է դուրս գանք դրա միջից: Բայդենն ասում է, որ մենք չենք հեռանա, մինչեւ չհաղթենք։ Իսկ ի՞նչ կլինի, եթե նրանք [ռուսները] հաղթեն»,- ասել է Թրամփը, որի խոսքերը մեջբերում է գործակալությունը։
Associated Press-ն էլ, հղում կատարելով Թրամփի շտաբի աղբյուրներից ստացած տեղեկությանը, գրում է, որ նախագահի հանրապետական թեկնածուն մտադիր չէ այս շաբաթ հանդիպեուլ ԱՄՆ-ում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Զելենսկու եւ Թրամփի հանդիպում նախատեսված չէր՝ չնայած ուկրաինացի պաշտոնյաների հայտարարություններին, թե Ուկրաինայի նախագահը պատրաստվում է հանդիպելու Թրամփի հետ։
Ընդգծենք, որ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված չէ ուկրաինական պատերազմի մեջ, սակայն լայնածավալ աջակցություն է ցուցաբերում Կիեւին, որից վերջինս կախված է կրիտիկական մասշտաբով։