Իսրայելը շարունակում է օդային հարվածներ հասցնել Լիբանանի հարավային շրջաններին եւ երկրի տարածքի խորքերին։ Բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ռազմաօդային ուժերի կործանիչները վերջին 24 ժամվա ընթացքում օգտագործել են ավելի քան 2000 հրթիռ՝ խոցելով շիայական «Հըզբոլլահ» շարժման շուրջ 1500 թիրախ Լիբանանի տարածքում։
Հայտարարության համաձայն՝ հարվածները հասցվել են «իսրայելցի խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգները վերացնելու եւ ահաբեկչական ենթակառուցվածքը թուլացնելու համար»։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հարավային շրջաններում հասցված հարվածների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 560-ի, որոնցից 50-ը երեխաներ են, իսկ վիրավորներինը գերազանցել է 1800-ը։
Սրան ի պատասխան՝ «Հըզբոլլահը» այսօր առավոտյան առաջին անգամ հրթիռներ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ։ Շարժման հայտարարության համաձայն՝ հրթիռներն արձակվել են Իսրայելի հետախուզական «Մոսադ» ծառայության շտաբի ուղղությամբ։
«Լիբանանի իսլամական դիմադրությունը, ի պաշտպանություն երկրի և նրա ժողովրդի, այսօր՝ չորեքշաբթի, տեղական ժամանակով առավոտյան 6:30-ին, «Քադեր-1» բալիստիկ հրթիռի միջոցով հարձակվել է Թել Ավիվի արվարձանում գտնվող Մոսադի հետախուզության շտաբին հարվածելու համար։ Թիրախը եղել է շտաբը, որը պատասխանատու է «Հըզբոլլահի» հրամանատարների սպանության և փեյջերների ու անլար կապի միջոցների պայթյունների համար»,- ասվում է հայտարարության տեքստում:
Զոհերի ու տուժածների մասին տեղեկություն չկա։
Իսրայելի պաշտպանության բանակը նախօրեին հայտնել էր նաեւ Բեյրութի ուղղությամբ թիրախային հարվածներ հասցնելու մասին։ Պաշտոնական հայտարարության համաձայն՝ ռմբակոծության հետեւանքով սպանվել է «Հըզբոլլահի» հրթիռային ուժերի հրամանատար Իբրահիմ Ալ-Քուբայիսին, որ «երկար տարիներ պատասխանատու էր Իսրայելի քաղաքացիների դեմ հրթիռներ արձակելու համար»։ Հարվածի վայրում եղել են նաեւ շարժման հրթիռային ուժերի այլ գլխավոր հրամանատարներ։
«Հըզբոլլահն» էլ հայտարարել էր, որ ի պատասխան հարձակումներ է իրականացրել Իսրայելի հյուսիսում գտնվող մի քանի ռազմական թիրախների ուղղությամբ:
Հայտարարության համաձայն՝ շարժման մարտիկները «Շիմշոն» նութատեխնիկական ապահովման կենտրոնի ուղղությամբ առաջին անգամ արձակել են 100 կմ հեռահարություն ունեցող «Ֆադի-3» տեսակի հրթիռ։