Հայկական կողմը Ադրբեջանին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները մինչեւ Բաքվում կայանալիք COP29-ը։ Սրա մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը։
«Ես եւ իմ գլխավորած Կառավարությունը հանձնառու ենք մեր տարածաշրջանում հակամարտության էջը փակելուն եւ ներկա դինամիկան փոխակերպելու համագործակցության՝ հանուն բարգավաճման, կայունության եւ խաղաղության։ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրելու Ադրբեջանի հետ: Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները մինչեւ Բաքվում կայանալիք COP29-ը՝ այդպիսով ստեղծելով խթանող միջավայր խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»,- ասել է ՀՀ վարչապետը:
Փաշինյանը նաեւ ընդգծել է, որ Երեւանը պատրաստ է օգտագործելու դրական տեմպը եւ շարունակելու սահմանազատման գործընթացը՝ սահմանազատման հանձնաժողովների միջեւ ստորագրած կանոնակարգի հիման վրա` հիմք ընդունելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը:
Ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ վարչապետը նշել է, որ այն նպատակ ունի բացելու տարածաշրջանի տնտեսական ներուժը եւ ամրապնդելու տնտեսական ու մշակութային կապերը՝ դրանով իսկ նպաստելով քաղաքական երկխոսությանը եւ համապարփակ խաղաղության ձեռքբերմանը ի շահ բոլոր ժողովուրդների։
«Միավորված ազգերի կազմակերպության ուժեղ եւ միանշանակ աջակցությունը Հայաստանի ջանքերին միտված տարածաշրջանում արդար եւ երկարատեւ խաղաղությանը չափազանց կարեւոր է»,- եզրափակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: