Վրաստանը պատրաստ է Հայաստանին եւ Ադրբեջանին տարածաշրջանային համագործակցության հարթակ տրամադրելու։ Սրա մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում։
«Մենք Հարավային Կովկասի տարածաշրջանը հակամարտության տարածաշրջանից հնարավորությունների տարածաշրջանի ուղղակիորեն փոխակերպելու ջանքերի առաջնագծում ենք»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը՝ ողջունելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանն ու հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։
Կոբախիձեն նաեւ նշել է, որ սեփական փորձից գիտեն, թե որքան կարեւոր է խաղաղությունը։
«Մենք միշտ պատրաստ ենք եղել եւ այսօր էլ պատրաստ ենք ապահովելու տարածաշրջանային համագործակցության այնպիսի ձեւաչափ, որը կնպաստի երկրների միջեւ գործակցության եւ վստահության վերականգնմանը՝ անցյալում թողնելով տարաձայնությունները, իսկ տարածաշրջանի ռեսուրսներն ու առավելությունները կառաջարկվեն աշխարհին»,- նշել է Կոբախիձեն:
Նախորդ շաբաթ պաշտոնական այցով Վրաստան մեկնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցում Կոբախիձեն հայտարարել էր, որ Թբիլիսին պատրաստ է դերակատարում ունենալու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու հարցում: