ԱՄՆ-ն Հայաստանին 20 մլն դոլար կտրամադրի, որն ուղղված կլինի կիբեր, սահմանային եւ էներգետիկ անվտանգության խթանմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը՝ ելույթ ունենալով իր ղեկավարած կառույցի կազմակերպած «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով բաց քննարկմանը, որին ներկա է եղել նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաուերը իր ելույթի ժամանակ պատմել է, որ այս տարվա գարնանը հնարավորություն է ունեցել մեկնելու Բրյուսել՝ քննարկելու այն կոնկրետ քայլերը, որ կարող են անել Հայաստանի ժողովրդավարական ու խաղաղ ապագային աջակցելու համար։
Հաջորդիվ նա հիշեցրել է, որ հուլիսին ժամանել է Երեւան` ձեռք բերված առաջընթացին նոր ազդակ հաղորդելու եւ ժողովրդավարությանն ուղղված հայ ժողովրդի ջանքերին անձամբ ծանոթանալու համար։
«Այժմ ես սիրով կօգտագործեմ այս առիթը՝ հայտարարելու համար, որ մենք աշխատում ենք Կոնգրեսի, ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար` ուղղված կիբեր, սահմանային եւ էներգետիկ անվտանգության խթանմանը, ինչպես նաեւ դիմադրողականության բարձրացմանը»,- ասել է Փաուերը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ բացի այդ՝ ԱՄՆ ՄԶԳ-ն հայտարարել է նաեւ 600 հազար ԱՄՆ դոլարի ֆինանսավորման մասին, որը «Տեղեկատվական բարեվարքության եւ դիմակայունության բարելավման նախաձեռնության» (ProInfo) շրջանակում կուղղվի ազդեցիկ ու հանրային հետաքրքրություններից բխող լրագրություն ապահովելու նպատակով անկախ լրատվամիջոցների տեխնոլոգիական արդիականացմանը, մեդիա եւ տեղեկատվական գրագիտության հարցերում նորարարությունների խթանմանը եւ Հայաստանում մեդիա ոլորտի առանցքային բարեփոխումների ջատագովման աշխատանքներին։
Ըստ դեսպանատան՝ Հայաստանի համար նախատեսված նոր 20․600․000 ԱՄՆ դոլար աջակցությունն ապահովվում է ի լրումն մոտ 11,9 միլիոն ԱՄՆ դոլարի, որի մասին հայտարարվել էր ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերի այս տարվա հուլիսին Հայաստան կատարած այցի ընթացքում։ Այդ ֆինանսավորումը միտված էր տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, թվային լուծումների խթանմանը եւ աղետների արձագանքման պատրաստականության մեծացմանը։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում արձանագրված մի շարք առանցքային ժողովրդավարական ձեռքբերումների մասին։
«Այս հեղափոխությունից հետո հայ հասարակության մեջ այլեւս չկա ոչ մի կասկած, որ պաշտոնական ընտրություններն արտացոլում են Հայաստանի ժողովրդի իրական կամքը։ Սա մի խնդիր է, որն արդեն լուծված է, ու ես համոզված եմ, որ այլեւս չկա ճանապարհ դեպի հետ՝ ասկածելի ընտրություններ»,- ասել է վարչապետ Փաշինյանը։
Հաջորդիվ վարչապետը խոսել է մինչեւ հեղափոխությունը Հայստանում գոյություն ունեցած տնտեսական վիճակի մասին՝ նշելով, որ այդ տարիներին երկրում եղել են մենաշնորհներ եւ սահմանափակումներ որոշ տնտեսական գործունեությունների համար։
«Այն փաստը, որ Կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, դա նույնպես ժողովրդավարության արդյունք է, եւ շատ կարեւոր է, որ այս օրակարգը հաջողությամբ պսակվի»,- հավելել է Փաշինյանը։
Վարչապետը նաեւ նշել է, որ ներկայում կանայք Հայաստանում ավելի ակտիվ ներգրավվածություն ունեն, ինչը հայ ժողովուրդն ու հասարակությունն ընկալում են որպես երկրի սոցիալ, տնտեսական ու քաղաքական զարգացման կարեւոր բաղադրիչ։