ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ավստրալիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Կատարը կոչ են արել անհապաղ հրադադար հաստատել Իսրայելի եւ Լիբանանի սահմանին: Սրա մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած համատեղ հայտարարության մեջ։
«Մենք կոչ ենք անում անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Լիբանանի եւ Իսրայելի սահմանին, որպեսզի դիվանագիտության համար տեղ հատկացվի՝ դիվանագիտական կարգավորմանը հասնելու համար»,- ասվում է հայտարարության տեքստում՝ նշելով, որ դա համահունչ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 170-րդ բանաձեւին, որով կանգնեցվել էր «Հըզբոլլահի» եւ Իսրայելի միջեւ 2006 թվականի պատերազմը, ինչպես նաեւ 2735-րդ բանաձեւին, որն էլ պատրաստվել էր Վաշինգտոնի կողմից՝ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնության հասնելու եւ պատանդառվածներին ազատ արձակելու գործընթացին աջակցելու համար։
Նշյալ երկրները նաեւ ընդգծում են, որ լիովին պատրաստ են հրադադարի ժամանակահատվածում աջակցելու դիվանագիտական ջանքերին՝ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ճգնաժամը վերջնականապես դադարեցնելուն ուղղված համաձայնագիր կնքելու համար, որը կլինի վերջին ամիսների ջանքերի կրկնապատկում։
Ի պատասխան այս կոչի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է․ «Վարչապետը հրամայել է Իսրայելի պաշտպանության բանակին շարունակել մարտը ամբողջ ուժով եւ իրեն ներկայացված ծրագրերին համապատասխան։ Բացի այդ՝ Գազայում մարտերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրականացվել պատերազմի բոլոր նպատակները»։
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը ավելի ուշ պարզաբանել է, որ «հյուսիսում հրադադար չի լինի»։
«Մենք ամբողջ ուժով կշարունակենք պայքարել ահաբեկչական «Հըզբոլլահի» դեմ՝ մինչեւ հաղթանակ եւ հյուսիսի բնակիչների անվտանգ վերադարձը իրենց տները»,- X-ի իր էջում գրել է Կացը։
Մերձավոր Արեւելքում իրավիճակը կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի տարածքից Իսրայելի հարավային շրջաններ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներթափանցումից հետո, որն ուղեկցվեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ եւ մոտ 250 մարդու պատանդառությամբ։ Ի պատասխան՝ Իսրայելը շրջափակման ենթարկեց Գազայի հատվածը եւ սկսեց զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել շրջանին, որին էլ կարճ ժամանակ անց հաջորդեցին ցամաքային լայնամասշտաբ գործողությունները։
Այս ֆոնին Լիաբանանի շիայական «Հըզբոլլահ» շարժումը հայտարարեց ՀԱՄԱՍ-ի գործողություններին աջակցելու մասին եւ հոկտեմբերի 8-ից սկսեց հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելի սահմանային շրջաններում տեղակայված բանակային հենակետերին եւ զորանոցներին։ Սրան իսրայելական կողմը պատասխանեց թիրախային օդային հարվածներով։ Ստեղծված իրավիճակում Իսրայել-Լիբանան սահմանային շրջաններում բնակվող շուրջ 80 հազար իսրայելցիներ են տարհանվել իրենց բնակավայրերից։
Սեպտեմբերի 23-ին «Հըզբոլլահի» դեմ Իսրայելը սկսեց «Հյուսիսի նետեր» ռազմական գործողությունը, որի ընթացքում զանգվածային հրթիռային հարձակումներ սկսեց շիայական շարժման ռազմական օբյեկտների ուղղությամբ։