Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միջուկային դոկտրինում առաջարկած փոփոխությունները պետք է համարել «որոշակի ազդանշան» Արեւմուտքի համար, հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա ազդանշան է, որը զգուշացնում է այդ երկրներին հետեւանքների մասին, եթե նրանք մասնակցեն մեր երկրի վրա հարձակմանը տարբեր միջոցներով, ընդ որում պարտադիր չէ, որ դա միջուկային լինի»,- պատասխանել է Պեսկովը։
Պեսկովը վստահություն է հայտնել, որ «ամբողջ աշխարհը քաջատեղյակ է» Ռուսաստանի միջուկային ներուժին, եւ որ «խելամիտ արեւմտյան քաղաքական գործիչները» հասկանում են Պուտինի հայտարարությունների լրջությունը, հատկապես «աննախադեպ առճակատման համատեքստում, որը հրահրվել է Ուկրաինայի շուրջ հակամարտությունում արեւմտյան երկրների, այդ թվում՝ միջուկային տերությունների անմիջական մասնակցությամբ»։
Սեպտեմբերի 25-ին Պուտինը առաջարկել է թարմացնել միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության շրջանակը։ Նա մասնավորապես առաջարկել է միջուկային հարված հասցնելու համար հիմք դիտարկել Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության կողմից իրականացրած ագրեսիան, որը կունենա նաեւ միջուկային պետության աջակցությունը։ Միջուկային զինանոցը կիրառելու ցանկում Պուտինը առաջարկել է նաեւ ներառել ոչ միջուկային միջոցներով զանգվածային օդային հարձակումը, այդ թվում անօդաչու սարքերի միջոցով իրականացված։