Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում իր ելույթում, դիմելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների բնակիչներին, խոսել է տարածաշրջանային խաղաղության, Վրաստանի արժանապատվության վերականգնման եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու մասին:
AliQ Media Georgia-ն նկատում է, որ այս անգամ Գլխավոր վեհաժողովի բարձր ամբիոնից Վրաստանի վարչապետը չի հիշատակել Վրաստանին «պատերազմի մեջ ներքաշելու» փորձերը եւ «Գլոբալ պատերազմի կուսակցության» մասին դավադրության տեսությունները։
Դիմելով Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում եւ Հարավային Օսիայի բնակիչներին՝ Կոբախիձեն ասել է․ «Օգտվելով առիթից՝ ես կցանկանայի դիմել օկուպացիոն գծի այն կողմում գտնվող մեր բնակիչներին՝ Աբխազիայում եւ Ցխինվալիի շրջանում։ Մեր բոլոր քայլերն ուղղված են մեր ժողովրդին օգնելուն, որպեսզի մի օր մենք եւ մեր երեխաները միասին ապրենք երջանիկ, միասնական եւ զարգացած Վրաստանում։ Օկուպացիոն գծի այս կողմում մենք ձեզ միշտ գրկաբաց կընդունենք։ Մենք պետք է վերականգնենք մեր երկրի բոլոր կոտրված կամուրջները»։
Ո՛չ Վրաստանի, ոշչ էլ Ուկրաինայի օկուպացիայի համատեքստի մասին խոսելիս վարչապետը չի հիշատակել Ռուսաստանի Դաշնությանը։
Կոբախիձեն իր խոսքում նաեւ ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության գործընթացը եւ նշել, որ Թբիլիսին միշտ պատրաստ է եղել եւ այսօր էլ պատրաստ է ապահովել տարածաշրջանային համագործակցության ձեւաչափ, որը կնպաստի երկրների միջեւ գործակցությանն ու վստահությանը` հետեւում թողնելով տարաձայնությունները:
Անդրադառնալով ուկրաինական հակամարտությանը՝ Վրաստանի վարչապետը նշել է․ «Ուկրաինայում շարունակվող պատերազմը ստեղծել է անորոշություն եւ աննախադեպ չափերի հումանիտար ճգնաժամ։ Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել․ Վրաստանի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում մնում է ամուր եւ անսասան»։
Կոբախիձեն նաեւ հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը լավատես է, եւ կարծում է, որ «Եվրամիության լիիրավ անդամ դառնալու Վրաստանի ցանկությունը կիրականանա մինչեւ 2030 թվականը»։