Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Սրա մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին Երեւանն ու Բաքուն հայտարարեցին, որ սեպտեմբերի 26-ին կայանալու է եռակողմ հանդիպում։
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարեց, որ հանդիպումը կազմակերպվում է պետքարտուղար Բլինքենի նախաձեռնությամբ։
Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Պետդեպարտամաենտի խոսնակ Մեթյու Միլլերը ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնը պարտավորվում է աջակցել կողմերին խաղաղության համաձայնագրի վերջնական ձեւակերպման ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար, եւ այդ համատեքստում պատրաստակամ է նաեւ հանդիպում կազմակերպելու։
Բայրամովն ու Միրզոյանը վերջին անգամ Բլինքենի միջնորդությամբ բանակցություններ վարել էին հուլիսի 10-ին ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակում։