Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ համաձայնագրի ստորագրման եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման օգտին՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելով։ Սրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Երբ դիտարկում ենք պարոն Փաշինյանի մոտեցումը, ապա այն բացասական չի թվում։ Թուրքիայի նման նրանք ցանկանում են, որ մենք հնարավորինս շուտ ապահովենք խաղաղության պայմանագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ նրանք խաղաղ ապրեն որպես հարեւաններ։ Մենք արդեն ձգտում ենք դրան եւ ջանքեր ենք գործադրում»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաեւ հույս է հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բոլոր հարցերը աստիճանաբար կլուծվեն, եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ առկա խնդիրները կհաղթահարվեն։
Էրդողանը նաեւ ընդգծել է, որ երկու կողմերն էլ իրականում խաղաղության կողմնակից են։
«Սա տեսնում ենք նաեւ Հայաստանում։ Մենք կարծում ենք, որ խաղաղության եւ հանգստության մթնոլորտը լավագույնը կլինի բոլորի համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը նոր հնարավորությունների եւ օգուտների դուռ կբացի երկու երկրների համար»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Նա ընդգծել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես դրական ազդեցություն կունենա այս խաղաղ գործընթացի դրական արդյունքներից։