ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ նախօրեին Նյու Յորքում կայացած հանդիպմանը բարձր է գնահատել կայուն եւ արժանապատիվ խաղաղության հաստատման համար նրանց գրանցած առաջընթացը։ Սրա մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության տեքստում։
«Պետքարտուղար Բլինքենը գովաբանել է երկու նախարարներին այն առաջընթացի համար, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասել են կայուն եւ արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ, եւ խրախուսել է երկու երկրների շարունակական առաջընթացը՝ հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար»,- ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն՝ պետքարտուղարը նաեւ ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանին կբերի էլ ավելի մեծ կայունություն եւ բարգավաճում։
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպումից հետո հրապարակված հայտարարության համաձայն՝ կողմերը համաձայնել են լրացուցիչ ջանքեր ներդնել «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։